Խորհրդարանը քննարկում է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերում փոփոխությունների փաթեթը:
Այս օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոխել Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորների ընտրության կանոններն ու կարգը:
Մասնավորապես, Հովակիմյանն առաջարկեց խորհրդարանին հնարավորություն տալ անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստի ընթացքում կազմակերպել Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը:
Նա ընդգծեց, որ ի սկզբանե փոփոխությունը վերաբերում էր միայն ՍԴ անդամների ընտրությանը, սակայն հետագայում բարեփոխումն ընդլայնվել է, և հիմա դա վերաբերելու է բոլոր պաշտոնատար անձանց, որոնք ընտրվում են խորհրդարանի կողմից՝ ՍԴ անդամներից մինչև ԿԲ վարչության անդամներ։
Փոփոխությունն ընդունելու դեպքում իշխանությունները հնարավորություն կստանան կազմակերպել Սահմանադրական դատարանի անդամների ընտրությունը այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին, եթե մինչ այդ լուծվի Սահմանադրական դատարանի գործող կազմի խնդիրը։ Բացի այդ, արտահերթ նիստերի ռեժիմը թույլ կտա չքննարկել մասնագիտական հանձնաժողովներում թեկնածությունների հարցը։
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց օրենսդրական նախաձեռնության հեղինակին, թե ինչու է այս ամենն արվում: «Մենք չենք աշխատում միայն հուլիս-օգոստոս ամիսներին: Մնացած բոլոր ամիսներին մենք աշխատում ենք: Ի՞նչ է, Դուք վախենում եք, որ մեր նման երկրում այս երկու ամսվա ընթացքում կարող է ճգնաժամ առաջանալ ՍԴ-ի գործունեության հետ կապված»,- նշեց Մելքումյանը:
Նա նաև հետաքրքրվեց, թե ինչու է իշխող դաշինքը որոշել սահմանափակվել միայն Սահմանադրական դատարանով և չի դիտարկում այդ հնարավորությունը, օրինակ, Կենտրոնական բանկի խորհրդի, Կենտրոնական ընտրական հանձնաժողի և այլ կառույցների մասով, որոնց ղեկավարներն ու անդամներն ընտրվում են խորհրդարանի կողմից:
Ի պատասխան՝ Հովակիմյանը հստակեցրեց, որ իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը տարածվելու է վերը նշված բոլոր կառույցների վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






