Թուրքիայում 209 գրող, արվեստագետ, իրավապաշտպան, լրագրող և քաղաքական գործիչ համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով վերջերս Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Հայտարարության տակ ստորագրած մտավորականները հայտնել են, որ երբեք չեն ընդունում այն հասկացությունը և գերակշիռ դեր ունեցող այն հասարակարգը, որը փոքր երեխային մարդասպան է մեծացնում։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Նկատում ենք, որ վերջերս իրարահաջորդ սադրիչ հարձակումներն անհատական բնույթ չունեն և սնուցվում են վրեժ ու ատելություն պարունակող խոսքերից, որոնք անպատասխանատու կերպով օգտագործվում և տարածվում են լայն զանգվածների մեջ։ Հասարակության մեջ խտրականություն դնող լեզուն և վարքագիծը վնասաբեր և պառակտիչ են։ Ժողովրդին ճամբարների և խմբերի են բաժանում և փչացնում հարաբերությունները իրար միջև»։
Նշվում է, որ նման բևեռացումը ոչ ոքի օգուտ չի բերի։ Այդ լեզուն և վարքագիծն ընդունողները պետք է հասկանան, որ իրենց նույնպես բևեռացնում են։ Մտավորականները կոչ են արել հրաժարվել այդպիսի վարք դրսևորելուց, շեշտելով, որ Թուրքիայում ապրողները հավասար իրավունքներ ունեցող մարդիկ են։
Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







