Բոլոր օրենքները պետք է ծառայեն ՀՀ քաղաքացիներին, այս պարագայում նաև ՀՀ քաղաքացու անվտանգությանը և նաև հանրային անվտանգությանը, ոչ միայն անհատական: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեն չեղարկելու վերաբերյալ օրենքին, որն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
«Համավարակի այս պայմաններում հանրաքվեի չեղարկումը պարզապես անհրաժեշտություն է: Մենք չենք կարող նման համավարակի պայմաններում անցկացնել հանրաքվե: Սա կարծում էի՝ պետք է ընդունելի լիներ նաև ընդդիմադիր մեր գործընկերների համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմադիր խմբակցություններից ԲՀԿ-ն դեմ քվեարկեց, իսկ «Լուսավոր Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը, հայտարարելով, որ այն հակասահմանադրական է, Մակունցն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ իրենց մտահոգությունը ոչ այնքան հանրաքվեն չեղարկելու հետ է կապված, որովհետև հիշում ենք, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ էր, իսկ ԲՀԿ-ն չի քվեարկել դրանով արտահայտելով իր դեմ դիրքորոշումը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:
Մենք կարծում ենք, որ խնդիրը ՍԴ-ի ճգնաժամը լուծելու հետագա քայլերին է առնչվում, և նրանց դիրքորոշումը պայմանավորված է հենց դրանով: Ի՞նչ է նշանակում լուծել ՍԴ-ի ճգնաժամը, դա նշանակում է, որ ՍԴ-ն պետք է գործի 2015-ին ընդունված Սահմանադրության դրույթներով, ինչը հիմա այդպես չէ: Մենք չենք թաքցնում և հայտարարել ենք, որ ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որ 2015-ի Սահմանադրությունը և ՍԴ մոդելը համապատասխանեն իրար: Մենք հանձնառու ենք, որ այդ համապատասխանությունը լինի»:
Հարցին, թե արդյոք այս իրավիճակում հանրությանն այդ հարցերը հետաքրքրում են, «Իմ քայլի» ղեկավարն պատասխանեց, որ համավարակի առնչությամբ բոլոր անհրաժեշտ գործողությունները իրականացվում են, տասնյակից ավելի ծրագրեր ու միջոցառումներ պարետատունը մշակել և իրականացնում է:
«Միաժամանակ դա չի նշանակում, որ ՀՀ-ում բարեփոխումների օրակարգը պետք է կանգ առնի: Այդ օրակարգը շարունակվելու է և այդ օրակարգի մի մասն է կազմում ոչ միայն ՍԴ-ի համապատասխանությունը գործող Սահմանադրությանը, այլև դատաիրավական համակարգի բոլոր բարեփոխումները, ոստիկանությունն առնչվող բարեփոխումները, սահմանադրական փոփոխությունների փաթեթի մշակումը, սոցիալական անհրաժեշտ նախագծերը և այլն»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման հետ կապված որևէ նախագիծ գոյություն չունի:
«Որևէ նախագիծ գոյություն չունի, դուք գիտեք, որ Արդարադատության նախարարությունը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողով, որտեղից արձագանքները ստանալուց հետո «Իմ քայլը» խմբակցությունը կքննարկի, թե ինչ տարբերակով է առաջ գնում: Չենք բացառում, որ հենց այն տարբերակը, որը շրջանառվում է, դրանով առաջ գնանք»,-ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






