Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Անթիլիասի Մայրավանքից իր շնորհավորական ուղերձն ու պատգամն է հղելշնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
«Ամյակները ազգերի հավաքական հիշողությունը թարմացնող և նոր սերունդներին հիշեցումներ տվող սքանչելի, եզակի առիթներ են: Այսպես եղավ և այսպես է Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար: Դարեր շարունակ հալածանքի ճիրաններում տվայտվող մեր ժողովուրդը 1918-ի մայիսի 28-ին հռչակեց ազատ, անկախ Հայաստան՝ վերահաստատելով իր անկախ պետականությունը: Հրաշքին համազոր երևույթ էր իր անկախության, իր ազատության հաստատումը։
Երբ ամուր հավատ ու կամք կան, ներքին միասնականություն կա հայրենիքի համար գրվելու ու նույնիսկ արյուն թափելու սրբազան նախանձախնդրություն կա, այնտեղ կա նաև հրաշք: Այսպես եղավ նաև Հայաստանի Հանրապետության կերտումը»,- նշել է Արամ Ա-ն։
Արամ Ա-ն նշել է, որ ազատ անկախ Հայաստանի կյանքը երկար չտևեց, սակայն անկախության հոգին ու տեսլականը մնացին վառ հետագա սերունդների մեջ:
«Պատմությունը անցած իրականության ամբողջություն չէ, պատմությունը շարունակվող ընթացք է: Վայ մեզ, եթե պատմական իրողությունները փոշիների տակ պահենք: Պատմությունը մեզ ասելիք ունի: 100 տարի առաջ Հայաստանի անկախությունը կերտած մեր հերոսները այսօր ևս մեզ հիշեցումներ ունեն կատարելու, եթե ականջ ունենք լսելու, եթե հավատ, կամք ու հանձնառություն ունենք այդ հիշեցումները կյանքի վերածելու:
Առաջին հիշեցում. ներկա ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության հզորացումը, իր անվտանգության ամրացումը, իր տնտեսության ծաղկումը, միջազգային հարաբերություններում ծավալումը յուրաքանչյուր հայի, հայրենի մեր ժողովրդի համար գերագույն առաջնահերթություն են:
Հիշեցում երկրորդ. Արցախի անկախության ամուր պահպանումը, մեր հերոս բանակի առավել կազմակերպումը, Արցախի հայության՝ իր սրբազան հողին ամուր կապվածությունը յուրաքանչյուր հայի և ողջ հայությանն համար պետք է դառնան ամենօրյա պատգամ: Չմոռանանք, որ Արցախի հզորացումը, Արցախի անվտանգության ամրացումը Հայաստանի հզորացումն են: Հայաստանի ու Արցախի հզորացումը մեր ազգային պահանջատիրության ամուր հիմքն է:
Հիշեցում երրորդ. զգույշ, հազար անգամ զգույշ նայեք պատմությանը: Ինչ էին Հայաստանի պայմանները 1918-ին՝ տնտեսական տագնապ, համաճարակ, արտաքին ճնշում և Հայաստանը՝ շրջապատված թշնամիներով: Համեմատենք անցյալի Հայաստանը ներկայի Հայաստանի հետ: Մի՞թե նույնը չէ կացությունը՝ առավել կամ նվազ չափով:
Զգույշ, Հայաստանի պահպանումը մեր ժողովրդի համար գերագույն սրբություն պետք է դառնա, այսօր ևս մեր պայմանները դառն են՝ ներքին թե արտաքին: Հետևաբար, հայրենի մեր ժողովուրդը պետք է հեռու մնա բևեռացումներ առաջացնող, ներքին լարվածություն սրող, մեր ժողովրդի ներքին ուժը ջլատող ամեն տեսակ մոտեցումներից:
Ցանկացած ժամանակներից ավելի մենք պետք է համախմբենք մեր ժողովրդի՝ համայն հայության ներուժը: Հարգել Մայիսի 28-ը, հարգել Մայիսի 28-ի հերոսներին՝ կնշանակի հավատարին մնալ նրանց նվիրական կտակին, հավատարիմ մնալ Արցախին ու Հայաստանի անկախությանը»,- նշեց Արամ Ա Կաթողիկոսը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







