ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը շնորհավորել է հայոց պետության վերածննդի օրը՝ հրապարակելով Երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանի կոչը՝ ուղղված հայ ժողովրդին։
«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու: Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի` հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պիտի գործի դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարվածելու համար…
Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են զենք վերցնելու, և ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով` հայրենիքի պաշտպանության համար:
Հայուհինե՛ր, հիշեցե՛ք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին Մեծ գործի` անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցեք նրանց օրինակներին, եթե չեք ուզում, որ Ձեր պատիվը ոտնահարվի, խրախուսեցեք նրանց ու արհամարհեցեք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գնալուց…
Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության, հանուն ոտնակոխ եղած ճշմարտության: Ոտքի կանգնեցեք: Դեպի գործ, դեպի սրբազան պատերազմ…
Երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյան»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







