1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ քրգործը, որ հարուցվել էր ուղիղ մեկ ամիս առաջ Գավառում տեղի ունեցած սպանություններին հետևած վենդետայի հետ կապված, որը դրսևորվեց հիվանդանոցը ջարդուփշուր անելով և վիրավորների պարանոցները կտրելով, կարելի է ասել, մտել է փակուղի։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մի խումբ անձանց մասով դատարան միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրվի, սակայն դատարանը շատերի դեպքում մերժել է միջնորդությունը։
Պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան հիմնավորումներ, թե կոնկրետ ովքեր են առաջինը ներխուժել հիվանդանոց, ով ինչ գործողություն է արել։ Այդ առիթով նույնիսկ վերցրել են հիվանդանոցի տեսախցիկները, և ուսումնասիրություններ են կատարվում՝ հասկանալու համար այդ անձանց շրջանակը, ու նրանցից շատերին գտնելու համար քայլեր են ձեռնարկվում։
2․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մի քանի շրջանակների մոտ բաձրաձայնել է, թե մեծ ցանկություն ունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարադության հարցերի փոխնախարար նշանակվել: Ըստ Ջուլֆալակյանի՝ սպորտի ոլորտը օր օրի հայտնվում է ճգնաժամային վիճակում, ինչի համար պետք է լավ մասնագետ, որպեսզի կարողանա այդ վիճակից դուրս բերել ոլորտը:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ դա է պատճառը, որ վերջին ժամանակահատվածում լարվել են Ջուլֆալակյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի փոխհարաբերությունները: Ավելին՝ նշվում է, որ Ջուլֆալակյանն իր կնոջն է ցանկացել տեղավորել կրթության ոլորտում, սակայն Հարությունյանը մերժել է՝ նրա փոխարեն այլ մարդու նշանակելով, ինչի համար էլ լարվածությունն ավելի է սրվել: Երեկ իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով կնոջն աշխատանքի տեղավորելու մասին, նշեց, որ չի ցանկանում նման տեղեկությունները մեկնաբանել, միայն հայտարարեց. «Ես որևէ ցանկություն չունեմ սպորտի փոխնախարար նշանակվելու, ես օրենսդիր մարմնում աշխատում եմ»:
3․ «Փաստ» օրաթերթը գրում է, որ թերթի տեղեկություններով՝ քաղաքական այս շրջափուլում իշխանությունները շարունակում են ձևավորել իրենց «սրտի» դատավորների, այսպես կոչված, առանձին «թիմ»։ Ավելին՝ վարչապետը ձեռնամուխ է եղել դատական համակարգում այդ «թիմի» դատավորներին «պռախոդ» տալու քաղաքականությանը։
Որպեսզի բոլոր աղմկահարույց գործերը չմակագրվեն միայն երկու-երեք դատավորների, ինչի հետ կապված փաստաբանական համայնքն արդեն լուրջ կասկածներ է հայտնում, իշխանություններին պետք են, հավաքական իմաստով ասած, Արմեն Դանիելյանի նման էլի մի քանի դատավորներ, որոնք որոշումներ կայացնելիս վստահաբար «անակնկալ» չեն մատուցի իշխանություններին:
4․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների համար գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու ժամկետը, ըստ էության, ավարտվեց: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ մինչ օրս հայտարարագրման ենթակա պաշտոնյաներից ոչ բոլորն են հայտարարագրերն ուղարկել: Նա նշել է, որ 80 տոկոսը ներկայացրել է, մնացածն էլ այս օրերի ընթացքում կներկայացնեն: Դա օրենքի պարտավորությունն է, 31-ը վերջին օրն է, երբ կարող են ներկայացնել իրենց հայտարարագրերը:
Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում օրենքով սահմանված քայլեր, պատիժներ կհետևեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






