Հայաստանի մաքսանենգ իմիջով հետաքրքվողները առաջին հերթին պետք է հետաքրքվեն այն քրեական գործով, որը հարուցված է Պետական եկամուտների կոմիտեում իրենց գործունեության հետ կապված։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ ունեցած տեղեկություններով, չխախտելով անմեղության կանխավարկածը՝ Միքայել Մինասյանի հովանավորությամբ՝ Հայաստան են ներկրվել ամենատարբեր բաներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, ճոխության առարկաներ, շինանյութ՝ սելիտրայի անվան ներքո։ Դրա արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 20 մլրդ դրամի վնաս»,- ասաց վարապետը։
Անդրադառնալով Հայաստանից ծխախոտի արտահանման հարցին՝ Փաշինյանը նշեց, որ առնվազն վերջին 5 տարում այդ համակարգում որևէ բան չի փոխվել և եթե այդտեղ խնդիր կա, ապա այդ խնդրի պատասխանն առաջին հերթին պետք է պահանջել Միքայել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանից։
Խոսելով Կրասնոդար քաղաքում Հայաստանից արտահանված մաքսանենգ ծխախոտ բռնելու մասին՝ վարչապետը նշեց․
«Եթե հիմա հետ պտտենք իրադարձությունը և քննենք Հայաստանի հարկային մարմինների գործողությունները, ապա այդ գործողությունների մեջ ոչ մի բան չի կարող փոխվել, որովհետև որևէ բան փոխելը կլինի ապօրինի․ մարդ գալիս ասում է, որ Հայաստանից ծխախոտ է արտահանում՝ օրինակ Աֆղանստան, և այդ թռիչքն օրինական ձևակերպվում է։ Եթե այսօր էլ լինի այդ նույն բեռը, ապա նույն ձևակերպմամբ այդ բեռը թռչելու է Հայաստանից, բայց եթե ճանապահին, օրինակ՝ լիցքավորման նպատակով, ինքնաթիռը վայրէջք է կատարում Կրասնոդարում և ծխախոտի մի մասը կամ լրիվ փորձ է արվում բեռնաթափել Կրասնոդարում, ապա Հայաստանի իշխանությունները դրա հետ որևէ կապ չունեն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ «շատ մարդիկ հիմա հարցնում են, թե «այս կոռուպցիոներները երբ են սսկվելու, և համոզմումք հայտնեց, որ վերջին օրերի գործողությունների արդյունքում կսսկվեն, որովհետև քրեական գործում ներգրավված մեղադրյալ պաշտպանական թիմին, օրենքով սահմանված կարգով փոխանցվել են տեղեկություններ, որով մեղադրյալը և նրա ընտանիքը պետք է իմանան, թե ինչ խորը ցեխի մեջ են իրենք, որից դուրս պրծնել չեն կարողանալու»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






