ՀՀ Կառավարությունն այսօր՝ մայիսի 27-ին, տեղի ունեցած նիստում փոփոխություններ և լրացումներ կատարեց ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում։
Նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում կասեցման ազդեցությունից բացառություն նախատեսել այլ անձանց կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերի կամ զուգորդող վարչական ակտի բարենպաստ մասի վիճարկման դեպքերի համար։ Արդյունքում երրորդ անձանց կողմից այլ անձին ուղղված վարչական ակտի վիճարկումն ինքնաբերաբար չի հանգեցնի վարչական ակտի կատարման կասեցման։
Նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածում։ Մասնավորապես՝ կասեցման ազդեցությունից բացառություն է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ կամ բարենպաստ դրույթներ պարունակող զուգորդող վարչական ակտ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս դատարանների վարույթներում կասեցված վիճակում են գտնվում բազմաթիվ վարչական ակտեր, այդ թվում՝ շինարարական թույլտվություններ՝ նախատեսվում է կարգավորումները տարածել նաև դատարնների վարույթում գտնվող գործերի գործերի նկատմամբ։ Այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս միայն Երևան քաղաքում կասեցված վիճակում են գտնվող մոտ 50 օբյեկտների շինարարական աշխատանքներ, որոնց շարքում մեծ թիվ են կազմում բազմաբնակարան բնակելի շինությունների կառուցապատման աշխատանքների կասեցման դեպքերը (թվով 9)։ Ուստի օրենքի նպատակներն ամբողջությամբ կարող են իրագործվել միայն նման մոտեցման դեպքում։
Նախագծի ընդունման արդյունքում վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից այդ ակտի հասցեատիրոջ համար բարենապաստ վարչական ակտը վիճարկելիս վարչական մարմինը կամ դատարանը, անհատական մոտեցում ցուցաբերելով, կգնահատի երրորդ անձի կողմից վիճարկվող կամ բողոքարկվող վարչական ակտի կասեցման անհրաժեշտությունը՝ ապահովելով հավասարակշռությունը հանրային և մասնավոր շահերի միջև: Դա հնարավորություն կտա խուսափելու բողոքարկման իրավունքի չարաշահումներից, որոնք անորոշ ժամկետով արգելակում են այլ անձանց համար բարենպաստ վարչական ակտերի կատարումը և հաճախ անդառնալի բացասական հետևանքներ թողնում անձանց գործունեության վրա։
Նախատեսվող կարգավորումները հնարավորություն կտան նաև ապահովելու ներդրումների և ներդրումային ծրագրերի անխոչընդոտ իրականացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







