Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացնելով իր հեղինակած օրինագծը նշեց, որ գործող օրենսդրության մեջ հանրաքվեի անցկացումը, որը տեղի չի ունեցել արտակարգ դրություն կամ ռազմական դրություն հայտարարելու պատճառով, նշանակվում է ռեժիմի չեղարկումից ոչ շուտ քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո։ Հայտարարված արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում չկայացած հանրաքվեի մասով այլ կարգավորում չկա։
Պատգամավորը նշեց, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա:
Վահագն Հովակիմյանը հավելեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն:
Փոփոխություններով նաև նախատեսվում է, որ խորհրդարանը կարող է չեղյալ համարել իր որոշումը հանրաքվե անցկացնելու մասին՝ արտակարգ դրության ռեժիմի կամ ռազմական դրության պայմաններում, իսկ եթե արտակարգ կամ ռազմական դրությունից հետո է որոշումը կայացվել, ապա հանրաքվեն վերսկսվում է․ Հովակիմյանն այս դրույթը կապել է Ազգային անվտանգության հարցերի հետ։
«Եթե, օրինակ, ռազմական դրության ժամանակ նշանակված են ընտրական հանձնաժողովի անդամները, նրանք ազատված են զորահավաքից և ոչ ոք իրավունք չունի հանձնաժողովի անդամներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու։ Հայտարարվում է ռազմական դրություն և 15 հազար մեր քաղաքացիներ զինապարտ չեն, այսինքն՝ օրենքի ուժով չես կարող նրանց զորակոչել բանակ, նրանք ինքնաբացարկ տալու հնարավորությունից էլ են զրկվում։ Ուստի հանրաքվեի չեղարկման ինստիտուտի ներդրումը չափազանց կարևոր է», -հայտարարել է պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






