Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից կորոնավիրուսով հոսպիտալացվել է 33 երեխա, իրականությանը չեն համապատասխանում, խիստ չափազանգված են։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ հաստատությունում 46 թեստ է իրականացվել, որից 15-ը՝ դրական արդյունքով:
«15 վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, 6-ը՝ աշխատակիցներ: Որևէ մեկը հաստատությունից չի հոսպիտալացվել, որովհետև որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան», — ասաց մեր նախարարության խոսնակը:
Մարտիրոսյանը հայտնեց, որ ամենասկզբում՝ երեկ չէ առաջին օրը՝ երեկոյան, դայակներից մեկի մոտ 37,6 ջերմություն է նկատվել:
«Նրան միանգամից մեկուսացրել, ուղարկել են տուն: Բայց դայակի թեստի պատասխանը դեռևս չկա, այսինքն՝ չենք կարող ասել, որ հենց ինքն է առաջինը վարակված եղել», — ասաց Սոնա Մարտիրոսյանը:
Հարցին՝ որտե՞ղ են մեկուսացված վարակակիրներն ու արդյոք հաստատությունն արդեն գտնվու՞մ է բժիշկների հսկողության տակ՝ Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ դրական դեպքերով հիվանդները մեկուսացվել են հենց հաստատության, այս պահի դությամբ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նաև հրավիրյալ բժիշկներ, բուժքույրեր, համաճարակաբաններ են աշխատում՝ «Բաբլոյան» կենտրոնից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







