ԱԺ-ում այսօր անցկացվում են խորհրդարանական լսումներ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվության վերաբերյալ:
«Դիմակների շուկայում ուսումնասիրությունն ավարտել ենք և վաղը հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության փաստի հիմքով վարույթի հարուցումը: «Իմ քայլը» խմբակցութան պատգամավոր Նազելի Բաղդասարյանի պաշտպանիչ դիմակի գների վերաբերյալ հարցին ի պատասխան հայտարարեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչև մայիս ժամանակահատվածը, համեմատել ենք 7 խոշոր ընկերությունների մարժաները և գնային քաղաքականությունը, նախնական ունենք հետևյալ պատկերը. դիմակի ներկրման արժեքը մոտ տասն անգամ բարձրացել է, բայց բացի այդ՝ մարժաների չափը մեզ անհանգստացրել է, ինչի հիման վրա էլ ուսումնասիրություններ ենք կատարել: Ռուսաստանում դիմակը թանկ է Հայաստանից, Վրաստանում՝ Հայաստանից էժան է, Հայաստանում ամենահասարակ դիմակի գինը 220 դրամ է»,-ասաց նա:
Նազելի Բաղդասարյանի հարցին, թե մարզերում անբարեխղճության տարրը կա՝ խանութներում դիմակները զգալիորեն թանկ են, Գևորգյանը նշեց, որ մարզերում գների թանկացումը պայմանավորված է նրանով, որ երրորդ միջնորդներն են հայտնվում:
«Մարզերում արդեն երրորդ միջնորդն է հայտնվում: Պարետատան նիստին երեկ քննարկել ենք և գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք, եթե դա ֆիզիկապես հնարավոր կլինի: Այսօր այդ քննարկումը կանենք: Եվ այս պարագայում, կարծում եմ, մոտ 100 դրամով դիմակի գինը կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան»,-ասաց Գևորգյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







