168․am-ի տեղեկություններով` մինչև Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մեկնելը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ այսօր չի ստորագրվել:
Աղբյուրի տեղեկություններով` ԱԱԾ տնօրենի համբերության բաժակը լցվելուն նպաստել է ինչպես Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի` ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակվելու փաստը, այնպես էլ այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափից առավել է միջամտում ուժային այդ գերկարևոր կառույցի աշխատանքներին, տալիս այնպիսի հանձնարարականներ, որոնց կատարումն, ըստ երևույթին, այլևս անհնարին է ողջ կյանքն ԱԱԾ-ում անցկացրած ու սպայական ուսադիրներ կրող ծառայողների համար:
ԱԱԾ փորձառու աշխատակիցները պրոֆեսիոնալ առումով անթույլատրելի և պատվից ցածր են համարում աշխատել Արգիշտի Քյարամյանի հետ, ով նման ուժային կառույցում աշխատելու որևէ փորձառություն չունենալով՝ ոչ ավել, ոչ պակաս նշանակվել է առաջին տեղակալի պաշտոնում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 4-ի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






