Կապանում կեսօրին սկսված բողոքի ակցիան ավարտվեց։ Ոստիականական բաժանմունքի մոտ հավաքված քաղաքացիները որոշեցին դադարեցնել ակցիան:
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը Քննչական մարմնի ներկայացուցչի հետ բանակցելուց հետո դիմեց քաջարանցիներին հայտարարելով, որ իրեն երաշխիքներ են տվել, որ կլինի արդար քննություն և ձերբակալված երիտասարդները բռնության չեն ենթարկվի: Նա քաջարանցիներին կոչ արեց բացել ճանապարհը, թույլ տալ, որ ոստիկանական մեքենան տղաներին տեղափոխի Երևան:
«Ես վստահում եմ մեր ոստիկանության բարձաստիճան պաշտոնյաներին, համոզված եմ, որ բռնություն չի լինի և կլինի արդար քննություն, իսկ եթե երաշխիքները չպահվեն, ես ինքս ձեզ հետ նորից կգամ այստեղ»,-ասաց նա:
Քաջարանցիները հետ քաշվեցին, աղոթեցին և ծափողջյուններով ճանապարհեցին երիտասարդներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ոստիկանների կողմից Քաջարանի 4 բնակիչների ձերբակալման մասին, ինչի կապակցությամբ բողոքի ակցիա է ընթանում ոստիկանության Կապանի բաժնի շենքի մոտ:
Քաջարանի քաղաքապետը ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել և ասել էր, որ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, որ մի քանի օր առաջ խուզարկել են իր մերձավորների տները, ոչինչ չէին հայտնաբերել, որից հետո տեղի ունեցան ասօրվա ձերբակալումները:
Նշենք, որ ավելի վաղ ցուցարներին հանդարտեցնելու փորձ էր արել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, սակայն քաջարանցիները նրա հորդորին չէին ենթարկվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







