ՀՔԾ մամուլի ծառայությունը ԱԺ միջադեպով քրգործի հարուցումը մերժելու հետ կապված հետագա շահարկումներից խուսափելու համար հաղորդագրություն է տարածել։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ Ազգային ժողովում 08.05.2020թ.-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության:
«Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, հանգել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը։ Որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին, որոնց պարզաբանվել է այն բողոքարկելու իրենց իրավունքը»,-նշված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







