Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:41

Սաբինա Ալիևան խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը. ՄԻՊ–ն արձագանքել է

Սաբինա Ալիևան խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը. ՄԻՊ–ն արձագանքել է

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել և պատասխանել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային։

ՀՀ ՄԻՊ-ն արձանագրել է, որ Ադրբեջանի օմբուդսմանը խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը և հնչեցրել է քաղաքական հայտարարություններ։

Թաթոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում 2019 թվականի հաղորդումը ներկայացնելիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մարդու իրավունքներն ունեն համընդհանուր բնույթ և Արցախում ապրող հայերի՝ երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ՝ տարածքի քաղաքական կարգավիճակից կամ քաղաքական որևէ այլ գործոնից: Սա հանրահայտ գաղափար է, որ բխում է status neutral միջազգային իրավապաշտպան սկզբունքից:

Դրանից բացի, խորհրդարանի պատգամավորներից մեկի հարցին այն մասին, թե արդյոք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեսնում է համագործակցության եզրեր ադրբեջանական Օմբուդսմանի հետ մարդու իրավունքների պաշտպանության հարցրերով, Արման Թաթոյանը պատասխանել է, որ դեռ առիթ չի ունեցել հանդիպելու հարևան երկրի նոր Օմբուդսմանին, սակայն միջազգային հանդիպումների շրջանակում առիթը լինելու դեպքում պատրաստ է հանդիպել իր գործընկերոջը: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն արտահայտել է դիրքորոշում հանդիպման պատրաստակամության մասին: Դրանից բացի, Պաշտպանը նաև ընդգծել է, որ կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Արցախում բնակվող հայերի իրավունքներին առնչվող միջազգային քննարկումներին մասնակից դարձվեն նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը:

Ելույթից անմիջապես հետո Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարը, այսինքն՝ Օմբուդսմանը, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որն ուղեկցվել է Մարդու իրավունքների հաստատության ղեկավարին ակնհայտորեն ոչ բնորոշ, այդ թվում՝ քաղաքական բնույթի մեկնաբանություններով՝ մեջբերումներ անելով իր երկրի քաղաքական իշխանությունների պաշտոնական դիրքորոշումներից և անգամ հարցը դիտարկելով Արցախի հարցի քաղաքական լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տեսանկյունից, օգտագործելով ագրեսիա ու ատելություն գեներացնող արտահայտություններ:

Ավելին, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի այս մեկնաբանություններն ուղեկցվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված հրապարակային վիրավորանքներով՝ նշելով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «պրիմիտիվ մեթոդներով իրավական հարցերը վերածել է քաղաքական մանիպուլյացիաների օբյեկտների և կազմակերպել է էժանագին շոու»:

Դրանից հետո Ադրբեջանի Օմբուդսմանը առաջ է քաշել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման քաղաքական նախապայման՝ նշելով, որ «Հայաստանի մարդու իրավունքների օմբուդսմենի հետ բանակցություններ անցկացնել հնարավոր կլինի միայն օկուպացիայի փաստի վերացումից հետո»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է արձագանքում ադրբեջանական Օմբուդսմանի այս քաղաքական և վիրավորական հայտարարություններին, որպեսզի թույլ չտրվի իր արտահայտությունների ու դիրքորոշման ակնհայտ աղավաղում, ինչպես նաև միջազգային գործընկերներին չներկայացվեն կեղծ տեղեկություններ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ցավում է, որ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարն անում է քաղաքական բնույթի հայտարարություններ: Սակայն մենք ձեռնպահ ենք մնում քաղաքական հայտարարությունների գնահատական տալուց՝ հաշվի առնելով, որ այն հարիր չէ մարդու իրավունքների հաստատությանը: Ափսոսում ենք, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը երկու կառույցների միջև շփումների կամ քննարկումների համար առաջադրում է քաղաքական նախապայմաններ՝ ակնհայտորեն հետևելով այն քաղաքական գծին, որը իրականացնում են Ադրբեջանի քաղաքական իշխանությունները։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հույս ուներ, որ Ադրբեջանի նոր Օմբուդսմանը կարող էր որդեգրել մարդու իրավունքների միջազգային հանրաճանաչ սկզբունքների և չափանիշների կիրառմամբ համագործակցության նոր մոտեցումներ, սակայն քաղաքական պաշտոնական քարոզչությունից որևէ տառով չտարբերվող դիրքորոշմամբ հանդես գալը ցույց է տալիս, որ այդ հարցում փոփոխություն չկա:

Օմբուդսմանների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության հիմնարար սկզբունքներից է ապաքաղաքական աշխատանքը։ Այդ համագործակցությունը պայմանավորված է մարդու իրավունքները արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ՝ անկախ քաղաքական գործոններից։ Ուստի, մարդու իրավունքների օրակարգի ձևավորման ու ապահովման հարցում մարդու իրավունքների անկախ հաստատությունների միջև համագործակցության համար չպետք է լինեն քաղաքական նախապայմաններ։

Մարդու իրավունքների պաշտպանությունն ունիվերսալ բնույթ ունի, հետևաբար՝ Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակի շուրջ առկա անհամաձայնություններից։

Արցախում էլ են ապրում երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, և չի կարելի զրկել նրանց իրավական պաշտպանությունից, ինչը կհակասի մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին։ Մարդու իրավունքների պաշտպանության նման հարցեր քննարկելիս անփոխարինելի է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք ներգրավումը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված հարցերը չեն կարող կապված լինել քաղաքական որևէ գործոնի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+