Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն շնորհավորական ուղերձներ են հղել Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Գարեգին Երկրորդի ուղերձում նշված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ երդմնակալության և Արցախի Հանրապետության Նախագահի պարտականությունները ստանձնելու առիթով»։
Ողջունելով Արայիկ Հարությունյանի Արցախի զարգացման գործում ունեցած մեծ ներդրումը՝ Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է Արցախի նորընտիր նախագահին, որ նրա փորձառությունը և Արցախի զարգացման ծրագրերը նոր բարի արդյունքներ բերեն Արցախի ժողովրդի կյանքին` առկա մարտահրավերների հաղթահարման և երկրի խաղաղության, բարօրության ու առաջընթացի ամրապնդման գործում։
Արամ Առաջին կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նախկին ու նորընտիր նախագահների հետ, այս մասին տեղեկացնում է Անթիլիասի կայքէջը։
Արցախի պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանի հետ զրույցում Արամ Առաջինն անդրադարձել է անցած տարիների ընթացքում Արցախի հզորացման հարցում իրենց սերտ գործակցությանը։
Արայիկ Հարությունյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, Արամ Առաջինը վերահաստատել է նույն ոգով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործակցությունը Արցախի Հանրապետության հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







