1․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, 2020 թվականի փետրվար ամսից իր աշխատանքները սկսած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս ընթացքում քննարկում է նաև Գերագույն դատարան ստեղծելու մասին հարցը, ինչի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր մայիսի 16-ին տեղի ունեցած իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:
Այսինքն, դա ենթադրում է Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի միացում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին հանձնաժողովի իրավաբան-գիտնականներն ուսումնասիրում են միջազգային փորձը, քննարկումներ անցկացնում, թե որքանով է նպատակահարմար ի վերջո նման որոշում կայացնել: Այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի նշել է, որ դեռ միանշանակ որոշված չէ, որ միավորվելու է և նաև չի բացառվում, որ մենք գան այն եզրահանգման, որ այդուհանդերձ արժի թողնել այն ձևը, որը կա:
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հարցը հասել է մինչև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով։ Թերթի տեղեկություններով, «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE), որի անդամն է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մոտ մեկ շաբաթ է արդեն՝ սկսել է, այսպես կոչված, փաստահավաք աշխատանքներ։
Հերթով լսում են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության՝ միջադեպին մասնակից կողմերին, միջադեպի մասին մանրամասներով են հետաքրքրվում։ Լսել են Սասուն Միքայելյանի վիրավորանքներն ու հարվածներն իր մաշկի վրա զգացած ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին, իսկ ԵԽԽՎ-ի իշխանական պատվիրակներից այդ սև գործը՝ բացատրություններ ներկայացնելը, դրվել է Հովհաննես Իգիթյանի ուսերին։ Իգիթյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից փոխանցել են՝ եթե ALDE-ն միջադեպի վերաբերյալ հանդես եկավ առանձին հայտարարությամբ, ապա ինքը զրկվելու է ԵԽԽՎ պատվիրակության անդամությունից։
Թերթի տեղեկություններով՝ եթե նույնիսկ ALDE-ն առանձին հայտարարություն չտարածի, միևնույն է՝ հարցն ուղարկվելու է մոնիթորինգի հանձնաժողով, և այս միջադեպն անպայման տեղ է գտնելու այդ հանձնաժողովի՝ Հայաստանի հարցով առաջիկա զեկույցում։
3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Կենտրոնական բանկը 12 տարի նախագահած Արթուր Ջավադյանն այս տարվա հունիսի 12-ին վերջին անգամ աշխատանքի կգնա ԿԲ նախագահի պաշտոնում։ Հաջորդ օրվանից նրան կփոխարինի ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանը՝ Բաբկեն Արարքցյանի փեսան, ով 2018-ից ԿԲ խորհրդի անդամ էր և օրեր առաջ Ազգային ժողովի կողմից ԿԲ նախագահ ընտրվեց։
ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը տեղեկացրեց, որ Ջավադյանը պաշտոնը թողնելուց հետո հանգստանալու է՝ երկրում։
4․ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը աշխատակիցներին տեղեկացրել է, որ կազմակերպության աշխատակիցների բնակարանների գազի վարձավճարի փոխհատուցված գումարը հետ է գանձվելու, այսինքն, պահվելու է աշխատավարձից։
Ի դեպ, թերթի լրագրողի հետ զրույցում կազմակերպության որոշ աշխատակիցներ նշում էին, որ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակազմում այդքան էլ միանշանակ չի ընդունել այդ որոշումը։
Տեղեկությունը ճշտելու և հավելյալ պարզաբանումներ ստանալու համար թերթը դիմել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն, որտեղից հաստատել են տեղեկությունը՝ ընդգծելով կամավորության սկզբունքը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցները ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ընթացքում իրականացրել են իրենց պարտականությունները և ստացել են աշխատավարձ, ընկերության այն աշխատակիցները, ովքեր օգտվել են փետրվար ամսվա սպառած գազի դիմաց ՀՀ կառավարության ծրագրերով հատկացված փոխհատուցումից, հանդես են եկել նախաձեռնությամբ` կամավորության սկզբունքով այդ գումարները որպես օգնություն փոխանցել գազ սպառող այն բաժանորդներին, որոնք սոցիալապես առավել խոցելի են համարվում»,-ասված է պատասխանում»:
5․ «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներսում որոշակի շրջանակներ ակտիվորեն քննարկում են բացառապես Սահմանադրության և օրենքների սահմաններում սահուն իշխանափոխության տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնալով խորանում է հասարակության դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից:
Քննարկումներում էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ հնարավոր լինի գտնել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության լայն շերտերի համար, իսկ իշխանափոխությունը հնարավոր կլինի իրականացնել առավելագույնս անցնցում:
Թերթի աղբյուրները նշում են, որ քննարկվում է մասնավորաբար Տիգրան Ավինյան-Արթուր Վանեցյան տանդեմի տարբերակը:
Սրանով հնարավոր է դառնում լուծել մի քանի հարց: Նախ՝ կանխվում է գնալով վատթարացող սոցիալ-տնտեսական, ինչպես նաև ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերում առկա խնդիրների էլ ավելի խորացումը:
Երկրորդ՝ Վանեցյանը ընդունելի տարբերակ է աշխարհաքաղաքական կենտրոնների համար, իսկ դա չափազանց կարևոր հանգամանք է: Եվ վերջապես՝ Տիգրան Ավինյանը, որպես պաշտոնյա և քաղաքական գործիչ, հեղափոխության ծնունդ է, իսկ դա թույլ կտա խուսափել ցնցումներից և իրականացնել սահուն, փափուկ իշխանափոխություն:
6․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը գրված է մայիսի 22-ի ամսաթվով: Ըստ թերթի տեղեկությունների, իշխանությունների շատ ներկայացուցիչներ հույսեր ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գոգյանի հրաժարականը չի ընդունելու ու նրան հրավիրելու է՝ հարցը քննարկելու ու լուծում գտնելու համար:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանության շատ ներկայացուցիչներ հանրային ձևով իրենց դժգոհությունը չեն ներկայացնում Գոգյանի հրաժարակի հետ կապված, բայց քննարկումների ժամանակ, «ներքին» խոսակցությունների ժամանակ հայտարարում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել այս հարցում»:
7․ «Փաստ» թերթը գրում է, որ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը։
Այդ միջադեպից հետո տեղի ունեցավ ԱԺ հերթական քառօրյան, որին ԼՀԿ-ն դարձյալ չմասնակցեց. նրանք բոյկոտեցին նաև մի քանի արտահերթ նիստ։
Տեղի ունեցած զարգացումների հետ կապված «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, համաձայն որոնց, մինչև նստաշրջանի ավարտը, որը կտևի, մոտավորապես, մինչեւ հուլիսի առաջին տասնօրյակը (օրենքով սահմանված կարգի համաձայն մինչև հունիսի 18-ը), խմբակցությունը կշարունակի իր բոյկոտը և չի ներկայանա նիստերի դահլիճ։
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշել է, որ նիստերին մասնակցության հետ կապված մենք դեռ որևէ որոշում չունեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






