ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, մայիսի 19-ին հեռավար հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԲՏԱ մամուլի ծառայությունը։
Նախարար Մանտուրովը, հայկական կողմին հակիրճ ներկայացրել է, մինչ օրս բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում երկու երկրների կողմից իրականացվող ծրագրերի զարգացման դինամիկան, թիրախային ոլորտները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես մատնանշել է տիեզերական արդյունաբերության ոլորտում նկատվող ակտիվ զարգացման դինամիկան, որը նշանավորում է Հայաստանում «Ռոսկոսմոսի» կողմից տիեզերական մոնիտորինգի կենտրոնի գործարկման ծրագրով:
Արշակյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, կարևորել բարձր-տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ոլորտների համագործակցության ուղղությունները, որոնք քննարկվել և արձանագրվել են հայ-ռուսական միջկառավարական տնտեսական և ռազմատեխնիկական հանձնաժողովների հանդիպումների ընթացքում:
Գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանը դեռ Սովետական միության տարիներից կուտակել է անհրաժեշտ գիտատեխնիկական և մարդկային ներուժ՝ ստեղծելու անհրաժեշտ տեխնիկական լուծումները փոխգործակցության հիմնական ուղղություններով:
Հանդիպման ավարտին նախարարները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք տեղակալների մակարդակով առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով:
Հրաժեշտի խոսքում նախարար Մանտուրովը նշել է, որ ռուսական կողմը ընդլայնել է արտադրական հնարավորությունները և պատրաստ է Հայաստանին տրամադրել բժշկական պարագաներ՝ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






