Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:49

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնվել է անելանելի վիճակում: Խնդիրը կապված է դատարանի որոշման հետ: Մասնավորապես, թերթին հայտնի է դարձել, որ 2019 թվականին քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Ադունցին հեռացրել է աշխատանքից:

Դպրոցի տնօրենը չի հաշտվում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի որոշման հետ և այն բողոքարկում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 2019 թվականի օգոստոսի 8-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իգնատ Բեգլարյանը որոշում է կայացնում և վերացնում ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի՝ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Վանիկի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառված նկատողություն հայտարարելու մասին թիվ 51 կարգադրությունը: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի հանձնվում և Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն այնտեղ ևս պարտվում է, բայց կրկին չի հանձնվում և դիմում է ՀՀ վճռաբեկ  դատարան. Վճռաբեկ դատարանից ևս մերժում է ստանում:

Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ պարտավոր է Սաիդա Ադունցին հետ վերադարձնել իր պաշտոնին, այսինքն՝ նշանակել ՀՀ Սյունիքի մարզի ՙԳորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն՚ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն:

2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ պատգամավորները համատեղ ջանքերով պահն ուզում են օգտագործել իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Վարդան Աթաբեկյանին մանդատից զրկելու համար։

Այս պատմությունը խորը արմատներ ունի․ էրեբունցի պատգամավոր Աթաբեկյանը որոշել է ամիսներ առաջ պաշտպանել իր շիրակցի գործընկերոջ՝ Սոֆյա Հովսեփյանի թասիբը և քաղաքապետի խոսնակին կոշտ դիտողություն է արել։ Պատգամավորը զանգել և Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանին հորդորել էր հեռացնել Հովսեփյանին հասցեագրած վիրավորական քոմենթը։ Մարությանն էլ իր խոսնակին արված դիտողությունն անձնական վիրավորանք էր ընդունել, հարցը ներկայացրել վարչապետին՝ «կա՛մ ես, կա՛մ՝ Վարդանը» վերջնագրով։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խմբակցության վերջին նիստերից մեկի ժամանակ բարձր տոնով սպառնացել էր՝ «անհնազանդները» տեղ չունեն խմբակցությունում, որ չի կարող լինել մի պատգամավոր, ով Երևանի քաղաքապետին խորհուրդ կտա ինչ անել, ինչպես անել․․․

3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հիմա Հայաստանում է և օրերս աշխատանքի է անցել հայաստանյան ՄԱԿ-ի գրասենյակում։ Նա նշել է, որ սովորում է Հարվարդի բիզնես դպրոցում, վերադարձել է Հայաստան, որովհետև երրորդ մոդուլը պետք է օնլայն անի, և չորրորդ մոդուլը, որը պետք է ապրիլին ավարտեր, տեղափոխվել է աշուն` կորոնավիրուսի պատճառով, որովհետեւ ողջ աշխարհը փակ է:

Անափիոսյանը ժխտել է ԿԳՄՍ-ում գրանտների մասին լուրերը,համաձայն որի խնդիրներ են ծագել, և այդ պատճառով է ինքը աշխատանքը թողել։ նա տեղեկացրել է, որ նման լուրեր տարածողների հետ կապված՝ համապատասխան իրավական քայլեր է արել։

4․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ վերջնականապես ամփոփվել է 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը և այն ուղարկվել Ազգային ժողովին: Ըստ այդմ, ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին արձանագրվել է 7․6 %-ի մակարդակում, ինչը 2․7 %- ային կետով գերազանցում է պետական բյուջեով 2019 թվականի համար ծրագրված մակարդակը:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը տնտեսական աճի 2019 թվականի ցուցանիշով առաջատար է ԵՏՄ գործընկեր-երկրների, Վրաստանի և Ադրբեջանի հետ համեմատությամբ։ Մասնավորապես, ՀՀ-ում ՀՆԱ-ի 7․6 % իրական աճի պարագայում, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է ՀՆԱ-ի 1․3 % իրական աճ, Բելառուսի Հանրապետությունում՝ ՀՆԱ-ի 1․2% իրական աճ, Ղազախստանում՝ ՀՆԱ-ի 4․5 % իրական աճ, Ղրղզստանում՝ ՀՆԱ-ի 4․5 % իրական աճ, Ադրբեջանում՝ ՀՆԱ-ի 2․3% իրական աճ և Վրաստանում՝ ՀՆԱ-ի 5․1 % իրական աճ։

Արտաքին ապրանքաշրջանառությունը 2019 թ․ կազմել է 8154․1 մլն ԱՄՆ դոլար՝ 2018թ․ համեմատ աճելով 10․6 %-ով: Միջին գնաճը 2019 թվականին արձանագրվել է 1․4 %-ի մակարդակում՝ պետական բյուջեով ծրագրված 3․5 %-ի, իսկ գնաճը ժամանակաշրջանի վերջում 2019 թվականին կազմել է 0․7 տոկոս: Այսինքն, 2019 թվականը ՀՀ կառավարությունը հաջող է ավարտել:  Եվ նկատենք, սա միակ տարին է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն ամբողջական է աշխատել:

5․ «Փաստ» օրաթերթը գրում է, որ Ամուլսարի հանքի շահագործումը շարունակում է գործող իշխանության համար «դամոկլյան սրի» կարգավիճակում մնալ, քանի որ, ըստ էության, ոչ մի կարգավորում և հստակ ընթացակարգ կառավարությունը չունի և ամենայն հավանականությամբ առաջիկայում չի ունենալու։

Փաստացի կառավարությունն այսօր դժվար դիլեմայի առջև է հայտնվել. մի կողմից՝ էկոլոգիական ռիսկերն են, որոնք ունեն բնապահպանական լուրջ ուսումնասիրության կարիք, մյուս կողմից՝ հարցի ֆինանսական ևսոցիալական կողմը. խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրման, ինչպես նաև բազմաթիվ աշխատատեղերի մասին է: Ուսումնասիրողների կարծիքով, ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ հանքի շահագործման դեպքում օգտագործված, արտանետված ջրերը պոչամբարների միջոցով անցնելու են հողի մեջ, քանի որ դիրքը գոգավոր է և հիշեցնում է կատլավան։

Այսպես, ջրերը, ներծծվելով ընդերք, այնտեղ կարող են խառնվել Ջերմուկի հանքային ջրերի հետ, դե, իսկ հետևանքների մասին խոսելն այս պարագայում անիմաստ է:

6․ «Հրապարակ» թերթի  տեղեկություններով, ուժային կառույցներից դուրս եկողներն այս օրերին գնում, հավաքվում են Արթուր Վանեցյանի կողքին։ Ոստիկանությունից, դատախազությունից, քննչականից ազատվածներ, բայց հատկապես Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ, որոնք Վանեցյանի շուրջը մինի-իրավապահ մարմին են ձևավորել։ Ավելին, այդ կառույցներում դեռևս աշխատող մարդիկ էլ են պարբերաբար կապվում Վանեցյանի հետ՝ հարցնում, թե երբ է սկսելու իր գործունեությունը, և ասում են, որ ուզում են դիմում գրել և հեռանալ ծառայությունից՝ միանալով իրեն։

Թերթի տեղեկություններով, արդեն մոտ 1700 դիմում է ստացվել՝ դեռևս չձևավորված կուսակցությանն անդամագրվելու խնդրանքով:

7․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ տեղի է ունեցել Ազգային ժողովի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, որին երկրորդ անգամ հրավիրվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը, որը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր  Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետի պաշտոնը, ապա ազատվել էր Սերժ Սարգսյանի հրամանով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Կարապետյանին երկրորդ անգամ հանձնաժողով հրավիրելու պատճառները թաքնված են Սերժ Սարգսյանի այցի հետ: Բանն այն է, որ ապրիլի 16-ին հանձնաժողովի նիստում Սերժ Սարգսյանը խոսել էր նաև հակահետախուզության մասին և հանձնաժողովին նոր տեղեկություն է տրամադրել այդ օրերի իրադարձությունների հետ կապված, ինչի համար էլ հանձնաժողովականների մոտ շատ հարցեր են առաջացել և նրանք որոշել են կրկին հանձնաժողով հրավիրել Կարապետյանին:

Թերթը տեղեկացել է, որ երեկվա հանդիպման ժամանակ նրանից հետաքրքրվել են Սերժ Սարգսյանի նոր հայտարարությունների շուրջ և պարզաբանումներ պահանջել, ինչին ի պատասխան վերջինս շատ պատրաստական ներկայացրել է տեղի ունեցածը և պատասխանել հարցերին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հանձնաժողովի անդամների համար շատ մեծ դժգոհության տեղիք է տվել, որ արդեն երրրոդ նիստն է՝ ինչ բացակայում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Ռուբիկ Ստեփանյանը: Հանձնաժողովականներից շատերի կարծիքով, այս հանձնաժողովի նիստը քաղաքական բնույթ չի կրում, անվտանգության հարցերի համար է ստեղծված և բոլորի համար տարակուսելի է եղել ընդդիմադիրների նման պահվածքը:

8․ «Իրատես» թերթը գրում է, ՀՀ-ում վարչապետի հեռացման հիմնական սցենարները  երեքն են` արտահերթ ընտրություններ, հրաժարական, նոր վարչապետի ընտրություն խորհրդարանում:

Շատերն են այսօր պնդում` 2020-ը կավարտենք առանց Նիկոլի: Քանդվող երկիրը, մահ սփռող կորոնավիրուսը, քայքայվող հոգիներն ու տնտեսությունը երբեք ու երբեք պատճառ չեն լինելու Նիկոլի հեռացման: Հայաստանյան իշխանափոխության օրինաչափությունը եզակի պատճառ է ունեցել` Արցախյան հարց։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում` իրեն բերել են Արցախի համար, իսկ Արցախ ասելով պետք է հասկանալ` կամ Ռուսաստանը վերջնականապես ոտքը պնդում է այս տարածաշրջանում` դառնալով միակ խաղացողը, կա՛մ ԱՄՆ-ը նրան դուրս է մղում տարածաշրջանից, Թուրքիային նշանակում արբիտր:

Դառնալով Նիկոլի հեռացման երեք հիմնական «ուղիներին»` պետք չէ որևեւէ մեկը ժխտել, բոլորն էլ կյանքի իրավունք ունեն, և սխալվում են նրանք, ովքեր պնդում են, թե Նիկոլը ոչ մի գնով հրաժարական չի տա, և  առավել հավանական են մյուս երկու սցենարները` վարչապետի փոփոխություն, արտահերթ ընտրություններ:

Ինչպես տեսնում եք` վարչապետի միջանկյալ թեկնածուները` Էդմոն Մարուքյան, Տիգրան Ավինյան, Արթուր Վանեցյան (ասում են սորոսականներից էլ «ոմն» Արման Բաբաջանյան)։ Չի բացառվում վերը նշված երեք սցենարների համակցումը. Նիկոլը հրաժարական է տալիս, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, որի առջև պայման է դրվում` գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

9․ «Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով, Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու: Իրավապահ համակարգից թերթին հասած տեղեկությունների համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից հետո նա նշանակվելու է այդ կառույցի նախագահի պաշտոնում։

10․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը  և նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ թիմային ձևաչափով հանդիպում են ունեցել, մինչ այդ Բաբայանն ու Հարությունյանը պաշտոնական մեկ հանդիպում էլ էին ունեցել։

«Քննարկումների առանցքում ծրագրային սկզբունքային դրույթներն էին, ոլորտային բարեփոխումների ընդհանուր տեսլականը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ «Միասնական հայրենիք» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ՝ հանգամանորեն ուսումնասիրելու և մշակելու երկուստեք ընդունելի և կիրառելի զարգացման ծրագիր՝ համերաշխության, անվտանգության, սոցիալական բարեկեցության սկզբունքով»,- ասվում էր Բաբայանի թիմի տարածած հաղորդագրության մեջ։

Արդեն կասկած չկա, որ Արցախի նորընտիր իշխանությանը պառլամենտում մեծամասնություն կազմելու հարցում աջակցելու է Սամվել Բաբայանը, չնայած այդ համագործակցությունը հնարավոր է «կոալիցիա» անվանումը չստանա, բայց Բաբայանն ու իր թիմակիցներն առանցքային պաշտոններ կզբաղեցնեն։

Նույնիսկ քննարկվում է Բաբայանի՝ Արցախի ԱԱԽ քարտուղար նշանակվելու հարցը․ երեկ նախագահը ստորագրեց Արշավիր Ղարամյանի՝ այդ պաշտոնից ազատվելու դիմումը, որը նա ներկայացրել էր մեկ շաբաթ առաջ։ Արայիկ Հարությունյանը մտադիր է փոխել ուժայինների ղեկավարներին, բացառությամբ ՊԲ հրամանատարից, ում թեկնածությունն արժանացել է ՀՀ իշխանությունների հավանությանը։ Ոստիկանապետ Լյովա Մնացականյանը պաշտոնին մնալու ուղիներ է որոնում, բայց նրան փոխարինողի անունն են արդեն քննարկում՝ նրա տեղակալ Աշոտ Հակոբջանյանի:

11․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանի և Քաջարանի համայնքապետերի տներում։ Քրեական գործ կա Գորիսի ղեկավարի նկատմամբ։ Սիսիանի քաղաքապետ Սարգսյանն էլ խնդիրներ ունի տեղի ոստիկանապետի հետ։

Սյունիքում խոսում են, որ օրերս համայնքապետեր են կալանավորվելու՝ նրանք այս իշխանությունների համար խորթ տարրեր են եւ խանգարում են։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն են արել։ Ասաց՝ փնտրում էին ինչ-որ քրեական գործին առնչվող ապացույցներ, որը հնարավոր չի գտնեն իր տանը։

12․ «Փաստ» թերթը գրում է, որ օրերս հայտնի դարձավ, որ իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ ՍԴ հարցում կարգավորումներ իրականացնելու նպատակով։ Թերթին տեղեկություններ են հասել, որ այս գործընթացը իշխանության ներսում միաձայն չի անցել։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու գաղափարին կատեգորիկ դեմ է եղել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, և այդ մասին նա բարձրաձայնել է։

Գրիգորյանն անգամ բավականին կոշտ զրույց է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ ասելով, որ նա հարցն անիմաստ միջազգային հարթակ է տեղափոխում։

Գրիգորյանը պնդել է, որ Վենետիկի հանձնաժողովից հոդաբաշխ պատասխան ակնկալել պետք չէ, քանի որ նրանք տալու են այնպիսի իրավակարգավորում, որի շրջանակում հարցը խորհրդարանում կարգավորել չի լինի, իսկ հանրաքվեի անցկացումն անիմաստ ու անհնար է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+