Այսօրվանից՝ մայիսի 18-ից, Երևան քաղաքում գործարկվել է հանրային տրանսպորը։ Տրանսպորտի աշխատանքի վերսկսվել է արտակարդ դրության օրերին անվտանգության կանոնների խիստ պահպանման պայմանով։
ՀՀ պարետի որոշմամբ՝ տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար: Մասնավորապես, տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով և ձեռնոցներով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։
«Այսօր առավոտյան վերսկսվել է հանրային տրանսպորտի աշխատանքը։ Վարորդները տեղեկացված են անվտանգության կանոների պահմանման մասին․ ավտոբուսներում տեղադրված են ախտահանիչ նյութեր, որպեսզի ուղևորները պարտադիր ախտահանվեն տրանսպորտ նստելիս։ Վարորդները ևս պահպանում են անվտանգության կանոնները՝ կրելով դիմակ և ձեռնոցներ»,- Armenia Today-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ներկայացուցիչը։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնեց, որ այսօր առավոտյան ինքը նույնպես երթևեկել է տրանսպորտով և նկատել է, որ բոլոր կանոնները պահպանվում են՝ վարորդը ուղևորներ վերցնում է նստատեղերի չափով, հորդորում կրել դիմակներ ու ձեռնոցներ։
«Վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև ոստիկանության ներկայացուցիչների կողմից, ովքեր ստուգում են ուղևորների մոտ դիմակների ու ձեռնոցների առկայությունը»,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ նշելով, որ խախտումների դեպքում ոստիկանության ուժերը համապատասխան միջոցներ կձեռնարկեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







