Ռուսական մի շարք ինտերնետային կայքերում հրապարակումները, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական Մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ, սուտ են և հետապնդում են քաղաքական նպատակներ։ ԱԳՆ-ի Telegram-ալիքի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Հայրենիքի ազատության համար պայքարած վետերանի հիշատակը զրպարտող նման կեղծ տեղեկությունների տարածումը, հատկապես Մեծ Հաղթանակի տարեդարձի տարում, սրբապղծություն է»,- ընդգծել է Գևորգյանը։
«Մենք ցավում ենք, որ որոշ ռուսական ԶԼՄ-ներ հրապարակել են այսպիսի չհաստատված նյութեր՝ օգտագործելով հռետորաբանություն, որը դիտավորյալ տարածվում է որոշակի շրջանակների կողմից ՝ զուտ քաղաքական նպատակներով»,- նշել է Գևորգյանը:
Վարչապետի մամուլի խոսնակն ավելացրել է. «Աղբյուրների տարածվածության վերլուծությունը ցույց է տալիս, որ այս կեղծարարության նախաձեռնողները նպատակ ունեն սեպ խրել հայ-ռուսական եղբայրության միջև»։ Գևորգյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն է, ոչ թե «ոմն Նիկոլայ Վարդանի Փաշինյան», որի անունը հիշատակվում է հրապարակումներում։
«Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր պապի լուսանկարը «Նիկոլ Առաքելի Փաշինյան» վերնագրով: Նրան նաև կարելի է գտնել ՌԴ ՊՆ տվյալների շտեմարանում՝ Կարմիր բանակի սերժանտի զինվորական կոչումով»,- ասել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






