Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ ում հետ ճանապարհ է անցել՝ լրագրողներ, «Լուսավոր Հայաստան»,ՀԱԿ՝ բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել:
«Առվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ և հրապարակային են եղել ուղղակի երբ եկել են վճռական պահեր, ես նրանից առաջ էլ ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ սեփական պատկերացումները։ Այդ պատկերացումները որոշակի հատվածով համընկել են նաև մի շարք քաղաքական ուժերի պատկերացումների հետ և մի պահից այդ պատկերացումները դադարել են գոյություն ունենալ»,- նշեց վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ իր քաղաքական գործունեության ընթացքում անցած ամենակարևոր ճանապարհը եղել է 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիից սկսած ճանապարհը, որը համախոհների փոքր խմբով են իրականացրել:
«Նախկինում ՀԱԿ-ի հետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ՝ «Ելք» դաշինքի շրջանակում, հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով:
ՀԱԿ-ի պարագայում այդ առիթը եղել է, հիշում եք՝ հայտնի եռյակ-քառյակի տրամաբանությունը: Դրանից առաջ էլ՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված անհամաձայնությունը:
«Լուսավոր Հայաստանի» հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն ժամանակ, երբ «Ելք» խմբակցությունում քննարկում էինք, որ Հայաստանում պետք է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալուն ուղղված շարժում սկսենք, քայլարշավ սկսենք: Շատ խորը գաղափարային տարաձայնություններ սկսեցին։ Կարծում եմ՝ կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ ցույց տալու մեթոդի բանաձևի իմ պատկերացումները ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերներինը։ Քաղաքական գործունեության մեջ երբեք չեմ վախեցել միայնակ մնալ: Լրագրությամբ զբաղվելու տարիներին էլ ենթագիտակցորեն իմ լրագրողական գործունեությունս ընկալել եմ որպես քաղաքական գործունեության մի մաս»,- պարզաբանեց վարչապետը:
Անդրադառնալով լրագրողական հանրության հետ անցած ճանապարհին՝ վարչապետն ասաց. «Իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է կարևոր գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ։ Իմ լրագրողական գործունեությունը ես ընկալել եմ ինչ-որ չափ որպես քաղաքական գործունեության մաս։ Հնարավոր է, որ շատ լրագրողներ ինձ 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել։ Հիմա ես լրատվամիջոցների հետ շփվում եմ արդեն որպես երկրի ղեկավար՝ սրանից բխող իր բարդություններով»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






