Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազևեդուն մայիսի 14-ին հայտարարել է այդ պաշտոնից իր առաջիկա հրաժարականի մասին, հաղորդում է DW-ն:
Ազեվեդուն իր պաշտոնը կթողնի օգոստոսի 31-ին, թեև նրա լիազորությունների ժամկետը լրանում է միայն մեկ տարի անց:
ԱՀԿ-ի ղեկավարը պարզաբանել է, որ հրաժարական տալու որոշումն իրեն հեշտ չի տրվել, և որ նա ստիպված է եղել դա անել «անձնական և ընտանեկան հանգամանքների պատճառով»: Նա ընդգծել է, որ այդ վաղաժամ հրաժարականը ոչ մի քաղաքական հիմք չունի, և որ նրա հեռանալը «համապատասխանում է ԱՀԿ-ի շահերին»:
Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարության փոփոխությունը, որն առանց այդ էլ բարդ ժամանակներ է ապրում, վրա է հասել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, որը մեծ տնտեսական ցնցումներ է առաջացրել ամբողջ աշխարհում: Ապրիլի սկզբին ԱՀԿ-ն նախազգուշացրել էր, որ համաշխարհային առեւտրի ծավալները 2020 թվականին կարող են կրճատվել մեկ երրորդով: Ազեվեդուն ասում էր, որ դա, հնարավոր է, «մեր ժամանակի ամենաուժեղ տնտեսական անկումն է»։
25-ամյա հոբելյանի նախօրեին ԱՀԿ-ն բախվել է իր գոյության ողջ պատմության ընթացքում ամենալուրջ ճգնաժամին: ԱՄՆ-ն երկու տարի շարունակ արգելափակում է դատավորների նշանակման ընթացակարգը կազմակերպության մշտական վերաքննիչ մարմին՝ ԱՀԿ արբիտրաժային դատարան։ Դատարանի աշխատանքը փաստացի արգելափակվել է 2019 թվականի դեկտեմբերից։ Որպես միջանկյալ միջոց՝ Եվրամիությունը համաձայնության է եկել կազմակերպության 15 այլ անդամների հետ վեճերի կարգավորման ժամանակավոր մեխանիզմ ստեղծելու շուրջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







