Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման հետ կապված հարցեր:
Ինչպես տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը, խորհրդակցությանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ուժային կառույցների ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարները:
«Մեր կառավարության ծրագրում արձանագրված է, և դա մեր քաղաքական կարևոր տեսլականներից է, որ Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համալիրը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից մեկը, ավելի ճիշտ՝ առաջատար ոլորտներից մեկը: Այդ պատճառով նաև մենք կառավարության կառուցվածքում որոշակի փոփոխություններ ենք իրականացրել՝ ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգ»,- նշել է վարչապետը:
Նա արձանագրել է, որ խնդրի լուծման համար մտավոր և գիտական, մասնագիտական ներուժ Հայաստանի Հանրապետությունում կա, միայն թե այդ ներուժի իրացման համար երկու կարևոր կոմպոնենտ պետք է պատշաճ մակարդակով ապահովել. խոսքը արտադրական հզորությունների և արտահանման ենթակառուցվածքների ձևավորման մասին է:
«Իհարկե, սա երկարաժամկետ և ռազմավարական քննարկման խնդիր է: Այս փուլում մեզ համար կարևոր է, որ կարողանանք մեր ներքին ռազմական կարիքների պետական պատվերի ձևավորման և տեղադրման ընթացքում ճիշտ և արդյունավետ որոշումների գանք, որպեսզի միևնույն ժամանակ լուծենք երկու խնդիր. նախ՝ առաջինը խթանենք ռազմարդյունաբերական համալիրը, ռազմական արդյունաբերության զարգացումը Հայաստանում և մյուս կողմից՝ պատշաճ կերպով կարողանանք ապահովել անվտանգության մեր ընթացիկ խնդիրները»,- նշել է վարչապետը:
Այնուհետև խորհրդակցության ընթացքում վարչապետին զեկուցվել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնք միտված են եղել աշխատանքային որոշակի համակարգեր և մեխանիզմներ ստեղծելուն, առաջացած խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







