Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը տեսանյութում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելիս Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որևէ մեկին, քրեական գործերի քաշքշուկից ազատվելու համար:
Մինչ այդ էլ, ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Միքայել Մինասյանի կողմից ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու հոդվածներով։ Մինասյանը չի ընդունել իրեն մեղսագրվող մեղադրանքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







