Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու նշել, որ շարունակական շարք է անելու։ «Փորձելու եմ պատմել բաներ, որոնք վստահ եմ՝ ձեզ հետաքրքիր է»,- ասել է նա։
Այս տեսանյութում նա պատմել է 2019 թվականի փետրվարին Հռոմում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ Վանեցյանը ևս հայտարարել է այդ մասին, որ հանդիպել է իր հետ՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։
Միքայել Մինասյանը նշել է, որ Վանեցյանին ճանաչել է վաղուց, սակայն մտերիմ չեն եղել: Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը հայտնել է, որ հանդիպման եկել է որպես ԱԱԾ տնօրեն և իրավասու է խոսել Նիկոլ Փաշինյանի անունից և իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի գումար վճարի, ապա բոլոր այն մարդիկ, ովքեր առնչվում են իր հետ, լսում են իրեն, դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, ինքը դառնում է ապաքաղաքական մարդ, ինչի դիմաց իր հարազատների հետ կապված բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն:
«Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել և համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի պետք է ավելացնեմ, պետության թշնամի, որովհետև այն ինչ հիմա կատարվում է ՀՀ-ում պետական դավաճանություն է»,-ասել է նա:
Մինասյանը հավելել է, որ այդ քայլին գնացել է այն համոզմունքով, որ ոչինչ չեն գտնի, չնայած, որ երկու տարի շարունակ բոլոր ուժային կառուցյները՝ ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, ՀՔԾ-ն, Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրել են իր ամբողջ գործուենությունը և այնպիսի մարդկանց են հարցաքննել, որոնց մասին անգամ ինքն է մոռացել։ «Չկա մի որևէ մի թալանի փաստ, որևէ մի գործարքի, որն ապացուցում է, որ ես թալանչի եմ»,-նշել է նա,-«Ես երբեք չեմ գողացել, չեմ թալանել, ձեռքերս չեմ մտցրել Հայաստանի բյուջեի մեջ։ Ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է ամաչեմ»։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



