«Շատ լուրջ խնդիրներ կան այսօր մեր երկրի առաջ, մենք ընկել ենք խորհրդարանի ծեծ ու ջարդի վերլուծությամբ ենք զբաղված»։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սասուն Միքայելյանի երկու ելույթները բռնության կոչեր են եղել, թե՝ ոչ։
Նա նշեց, որ կան իրավապահ մարմիններ, թող իրենք բարձր գտնվեն, հետևողական լինեն օրենքով իրենց լիազորությունները իրականացնելու հարցում:
«Մենք ասել ենք, որ, այո, խորհրդարանում պետք է լինի քաղաքական մթնոլորտ: Եվ բռունցքներ ցուցադրելու վայրը այլ է, խորհրդարանը չէ: Հիմա սրանից ավելի մենք չենք ընկնելու մեղավորներ մատնանշենք: Մեղավորություն ապացուցելը դա իրավապահ մարմինների խնդիրն է: Մենք իրավունք չունենք գերազանցելու մեր լիազորությունները՝ ով ում հետևից խփեց, տակից խփեց, դիմացից խփեց, սրանք խորհրդարանական քննարկման առարկա չեն, բազմաթիվ այլ խնդիրներ կան: Մենք ասում ենք՝ եկեք այս արհավիրքին դիմակայենք, սոցիալական խնդիրներ լուծենք: Այդ լուրջ խնդիրները թողած պետք է ընկնենք վերլուծենք, թե ով ում խփեց առաջի՞նը»,- նշեց Պետրոսյանը:
Նա հավելեց, որ դատապարտում են ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը, խոսքին խոսքով պետք է հակադարձել, կարծիքին՝ կարծիքով, բայց այսօր այնքան այս թեման արծարծվեց, որ կորոնավիրուսի թեման երկրորդական, երրորդական է դարձել:
«Մենք չպետք է տարվենք մի բանով ու ամբողջ օրը խոսենք դրա մասին: Մենք չենք ուզում ստվերել իրավապահ մարմինների գործունեությունը, վստահում ենք նրանց, թող պարզեն, ժամանակը ցույց կտա, թե որքանով էինք լավատես մեր չկասկածելու մտայնության մեջ, թող քննեն բացահայտեն և որ այդպիսի դեպքերը չկրկնվեն: Ճիշտ է՝ երևույթը շատ վատ էր, հատկապես Շուշիի ազատագրման օրը, բայց դա չի մեր երկրի գլխավոր խնդիրը: Ժողովրդին շատ քիչ է հետաքրքրում, թե ով է եղել այդ ծեծկռտուքի մեղավորը, պետք չէ օրը մեկ միջադեպով կերակրել ժողովրդին, մոռացության տալ իր իրական խնդիրները»,- նշեց նա:
Գևորգ Պետրոսյանն ըդնգծեց, որ այսօր երկիրն ունի տնտեսական-սոցիալական շատ լուրջ և չլուծված հարցեր, արտաքին քաղաքական մարտահրավերներ, և իշխանությունը պետք է առավելագույնս թափանցիկ և հաշվետու լինի ժողովրդին այդ խնդիրների համար: Նրա կարծիքով՝ այս արհեստական օրակարգից հեռանալ է պետք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






