1․ «Իրավունք» թերթը գրում է, որ նախորդ շաբաթ մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, որ մինչև մայիսի 7-ը պայմանագրային զինծառայողներից պետք է հետ գանձվեին կորոնավիրուսի համար ստացված գումարները:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, նույն խայտառակ պատմությունն է նաև քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանությունում, որտեղ ևս աշխատակիցները ստացել են կառավարությունից աջակցություն, իսկ հաշված օրեր անց՝ պարտադրել հետ վերադարձնել գումարը։
2․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը որոշել է, որ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը պետք է լինի բացառապես իր թիմի անդամներից որևէ մեկը: Ըստ թերթի տեղեկությունների այժմ քննարկվում է երկու անձի անուն, որոնցից մեկը «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Դանիելյանն է, իսկ մյուսը Էլեոնորա Ավանեսյանը ու հավանական է, որ Արցախն առաջին անգամ ունենա ԱԺ կին նախագահ:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո Արցախի նախագահը հանդիպումների երկրորդ փուլ կսկսի այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընտրություններում հաղթել են: Ըստ տեղեկությունների, Ա. Հարությունյանը դեռևս որեւէ քաղաքական ուժի հետ հստակ պայմանավորվածություն չունի, ինչպես բաշխել պաշտոնները: ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում կրկին Մասիս Մայիլյանին նշանակելու հարցը ևս դեռևս առկախված է՝ վերջնական որոշում չկա:
Հստակ է միայն, որ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն առաջիկայում հրաժարվելու պատգամավորի իր մանդատից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Ղուլյանը չի ցանկանում խորհրդարան գնալ, որպես շարքային պատգամավոր:
3․ «Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունից: Նշենք, որ սպանվել էր «Սովռանո» ՍՊԸ-ի մենեջեր Ա. Բադոյանը, որի սպանության կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ 45-ամյա Արման Գրիգորյանը, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:
Թերթին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ տարիներ առաջ Արման Գրիգորյանը առևանգել է Ա. Բադոյանի սիրելի աղջկան, որի հետ Բադոյանը նշանված է եղել: Այս արարքի համար Արման Գրիգորյանը ենթարկվել է քրեական պատասխանատվության և ազատազրկման դատապարտվել: Եվ, ահա, տարիներ անց՝ բանտից դուրս գալուց հետո, գնացել է Ա. Բադոյանի բնակության վայր և հաշվեհարդար տեսել նրան հետ ու սպանել նրան:
4․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ շուրջ 2,5 ամիս է, ինչ Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է և նրա նշանակումից մինչ օրս ՌՈ-ում ներքին խմորումները չեն դադարում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ռազմական ոստիկանությունում կան նախկին իշխանությունների հետ բարեկամական կապ ունեցող տարբեր ստորաբաժանումների պետեր, որոնք, ըստ էության, չեն հաշտվել Ալեքսանդր Աղաջանյանի նշանակման հետ և դեռ ավելին, վերջինս նրանց աշխատանքից ևս գոհ չի եղել:
Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Աղաջանյանն իր մոտ է կանչել նրանց և «հաթաթա» տվել։ «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին, ինչին ի պատասխան վերջինս հայտնել է, որ պարոն Աղաջանյանն ընդամենը ասել է՝ եթե կթերանան՝ կարժանանան համապատասխան գնահատանքի, այսինքն կիրականացվի տույժ, կիրակակացվի ծառայողական քննություն, թե ինչու են թերացել:
5․ «Փաստ» օրաթերթը գրում է, որ երեկ արդեն խոսակցություններ էին շրջանառվում, որ իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաև ՄԻՊ Արման Թաթոյանին «յուրայինով» փոխելու հարցը:
6․ «Հրապարակ» թերթը գրում է, որ մայիսի 14-ին արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումն արդեն կարծես հաստատ է, այն կայացրել են ավելի շատ քաղաքական նկատառումներից ելնելով, որպեսզի հնարավորինս հետաձգվի սահմանադրական հանրաքվեի անցկացումը, որը ստիպված կլինեն անցկացնել արտակարգ դրության ավարտից 50-65 օր հետո։
Թերթը տեղեկացել է, որ միայն հասարակական տրանսպորտը դեռևս չի աշխատի, հարցը կքննարկեն արտակարգ դրությունը երկարացնելուց օրեր անց, փոխարենը կգործեն առևտրի մեծ կետերը՝ մոլերը։ Մի վերապահում են միայն անում՝ եթե 2 շաբաթ անց վիճակը վատանա, ապա նորից կանցնեն սահմանափակումների խստացման ռեժիմին:
7․«Հրապարակ» թերթը գրում է, որ արտակարգ դրության պայմաններում ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը սկսել է ՍԴ գնալ օրվա տարբեր ժամերին։ Նա ՍԴ գնում է երեկոյան կողմերը, եթե ավտոմեքենան կանգնած է, ուրեմն շենքում է։ Իսկ թե ինչ է անում՝ դժվար է ասել։ Իր ֆունկցիոնալ պարտականությունները չի կատարում, նիստերին չի մասնակցում։ ՍԴ-ն ավելի շատ իր համար ձրի փաստաբանական գրասենյակ է դարձել` քաղաքի կենտրոնում։ Նշվում է, որ նրան կանոնավոր փոխանցում են աշխատավարձը, պրեմիա չի ստանում միայն, ՍԴ նախագահի որոշմամբ՝ մարտ ամսից ոչ մեկը պրեմիա չի ստանում` կորոնավիրուսի հետ կապված:
8․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ այսօր ժամը 17:50-ին կկայանա Սահմանադրական կարգի տապալման հարցով հերթական դատաքննությունը և դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է որոշում կայացնի. Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, ՀՀ 3 և Արցախի մեկ վարչապետերի միջնորդությունը մերժո՞ւմ է, թե բավարարում: Այսինքն՝ Քոչարյանը ազատ կարձակվի՞, թե կշարունակի մնալ կալանքի տակ: Թերթը մի շարք իրողություններ իրար հետ համադրելով ենթադրել է, որ Դանիբեկյանը բաց կթողնի Քոչարյանին, որովհետև միջնորդություն ներկայացրել էին նաև Արցախի նախկին ու գործող նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը և անցած տարի մայիսի 18-ին Քոչարյանն ազատ արձակվեց: Բայց, չնայած տվյալ նախադեպին, այս ընթացքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք մարդկայնորեն կարող են դատավորին դրդել կայացնելու այլ որոշում:
9․ «Հրապարակ» թերթը գրում է, որ անցած տարի աշխատանքից ազատվեց Երևանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որն իջևանցի է և պաշտոնի էր նշանակվել Սիփան Փաշինյանի միջնորդությամբ, կոմունալի պետի քրոջ որդին հաղթում էր աղբամանների մրցույթում, իսկ հանձնաժողովի նախագահն ինքն էր՝ աղմուկ բարձրացավ, Հայկ Մարությանը հրաժարական պարտադրեց, սակայն այսօր կրկին սկանդալ է հասունանում աղբամանների հետ կապված։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշել է, որ խնդիրն առնչվում է աղբամանների վերջին խմբաքանակին, որը պետք է ընդունվեր փետրվարին, սակայն հանձնում-ընդունումը ձգվել է մինչև այսօր: Դրանց ստացումից հետո հայտարարվել է նոր մրցույթ` փոխված տեխնիկական բնութագրերով, ապա և` նախկին մրցույթը շահած կողմը վիճարկում է այդ փոփոխությունները և մտել է գնումների բողոքարկման խորհուրդ` ընդդեմ քաղաքապետարանի, և վիճարկում է մրցույթի օրինականությունը:
10․ «Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունները ՍԴ հարցի հետ կապված, կարծես թե, որոշման են հանգել մասնավորաբար այն առումով, որ պատրաստվում են գնահատականներ տալ։
Թերթը տեղեկություններ ունի, որ իշխանությունը նախ և առաջ պատրաստվում է իրավաքաղաքական գնահատականի արժանացնել ՍԴ գործունեությունը և կոշտ դիրքորոշում հայտնել։
Այս կերպ իշխանությունը փորձ է անելու արդարացնել ՍԴ հետ կապված իրենց ծայրահեղ քայլերը։
Թերթի տեղեկություններով, հնարավոր է գումարվի ԱԺ արտահերթ նիստ, որի առաջնային հարցը վերաբերելու է համապատասխան տեքստի քննարկմանը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հարցի հետ կապված իշխանական ու մերձիշխանական իրավաբանական թիմն ու իրավաբան պատգամավորները, ՍԴ յոթ դատավորներից ազատվելու հանրաքվե-ԱԺ քվեարկություն դիլեմայից զատ, համագործակցելով թիմի «սփիչռայթերների» հետ, արդեն մոտ մեկ ամիս է՝ նախապատրաստում են այս հարցը «եփելու» գաղափարը, մասնավորաբար, համապատասխան հայտարարության տեքստ է նախապատրաստվում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






