Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նկատմամբ կառավարող թիմի կողմից գործադրվել է բռնություն, որը ոչ միայն չի դատապարտվել, այլ նաև հանցավոր անտարբերությամբ և մանիպուլատիվ հնարքներով արդարացվել է ու լեգիտիմացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ մի վերջին անգամ ցանկանում է անդրադառնալ վերջին օրերի իրադարձություններին և հստակեցնել իրենց մոտեցումը։
«Հայտնի օրինաչափություն է, որ բռնության արդարացումը ծնում է նորանոր բռնության դեպքեր և պատճառ է դառնում արատավոր երևույթի զանգվածային տարածման համար։ Այս նույն տրամաբանությամբ մայիսի 8-ին «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների գործադրած բռնության չդատապարտումն ու արդարացումը հանգեցրեց անպատժելիության գիտակցման, ինչի հետևանքով էլ պատգամավոր Սասուն Միքայելյանը վերստին գործի դրեց սպառնալիքների և հաշվեհարդարի հռետորաբանությունը»,-նշել է Մարուքյանը՝ հիշեցնելով Միքայելյանի կողմից ԵԿՄ-ի ազատամարտիկների հաշվեհարդարի մասին հայտարարությունը, ինչպես նաև մանդատը վայր դնելու վերջնագրի վերաբերյալ հայտարարությունը։
«Ինչո՞ւ պետք է ընդդիմադիր գործիչը մանդատը վայր դնի, եթե հենց ինքն է բռնության զոհը։ Փաստացի կառավարող թիմն իր անհանդարժողականությամբ և ամբողջատարական մտածողությամբ փորձում է սահմանափակել ընդդիմության գործունեությունը, ազատ խոսքն ու այլակարծությունը։ Կարծում եմ, որ բոլոր այս միջադեպերը պետք է ոչ միայն քաղաքական գնահատական ստանան, այլ նաև արժանանան իրավապահ կառույցների՝ ՀՔԾ-ի և դատախազության ուշադրությանը»,-նշել է նա՝ միաժամանակ ընդունելով, որ իրենք ևս անսխալական չեն։
«Սիրելի՜ ընկերներ, անկախ ամեն ինչից և բոլոր հանգամանքներից, Լուսավոր Հայաստանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը՝ հավատարիմ մնալով իր լուսավոր արժեքներին և ավանդույթներին, իսկ կառավարող թիմը պետք է ներողություն խնդրի հարձակման համար և համապատասխան քաղաքական գնահատականով երաշխավորի, որ այլևս խորհրդանարանում և ցանկացած տեղ ազատ խոսքն ու այլակարծությունը չեն ճնշվելու»,-նշել է նա՝ հավելելով, որ կսպասեն իշխանությունների կողմից համապատասխան գործողությունների, իսկ գնդակն, ըստ նրա, այլևս գտնվում է ՀՔԾ-ի և դատախազության տիրույթում։
https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3783134918424874?__tn__=K-R
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






