Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով նշել է, որ ստանում է բազմաթիվ հարցեր, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պոպուլի՞ստ է, թե՞ ոչ. «Պատասխանն անսպասելի է՝ ո՛չ, Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ չէ, իսկ թե ինչո՞ւ պոպուլիստ չէ՝ փորձեմ բացատրել. Հայաստանում ձևավորվել է երկու խումբ՝ առաջինը, մարդիկ, ովքեր վաղ անցյալում ապրում էին ոչ լավ, հիմա ապրում են շատ, շատ, շատ լավ՝ ժողովրդի հաշվին: Խումբ երկու. դա ժողովուրդն է, որն անցալում ապրում էր ոչ լավ կամ վատ, բայց հիմա ապրում է շատ-շատ վատ և ամեն շաբաթ ապրելու է շատ վատ»,- ասաց Մ. Մինասյանը:
Նրա խոսքով՝ առաջին խմբին են պատկանում նաև Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը, և քիչ քանակի մտերիմներ, որոնք օգտվում են իշխանությունից և ապրում ժողովրդի հաշվին։ «Այդ մարդիկ պոպուլիստներ չեն, ինչպես Նիկոլ Փաշինյանը, կրկնում եմ, նա պոպուլիստ չէ, որովհետև խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները»:
Տեսանյութում Միքայել Մինասյանն անդրադարձավ վերջերս հայկական մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակի ծխախոտ տեղափոխել։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այդ պատմությունը փակվի։ Իսկ պատմությունը, ըստ նախկին դեսպանի, կապված է Նիկոլ Փաշինյանի եղբորորդու, Աննա Հակոբյանի, վերջինիս եղբայր Հրաչյա Հակոբյանի և ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշաննա Ներսիսյանի փոխգործակցության հետ։
«Կարանտինի պայմաններում մի բարձած ինքնաթիռ մեկնում է ՀՀ-ից և այդ ինքնաթիռը հայտնվում է Կրասնոդարում, որը պետք է գնար Աֆղանստան: Իսկ որտեղի՞ց են իմանում ռուսները․ ռուսներն իմանում են ՀՀ-ի ԱԱԾ-ից, որովհետև կոլեգաների միջև կա պայմանավորվածություն օպերատիվ տվյալների փոխանակման մասին: Հայերն իմանում են, հայտնում են կոլեգաներին և դրա համար Նիկոլ Փաշինյանը հայտնվում է մի իրավիճակում, որից հետո սկսվում է ջարդ Ազգային անվտանգության ծառայությունում»,-ասաց Մինասյանը: Ըստ նրա 20 բարձրաստիճան սպաներ դիմումներ են գրել ԱԱԾ-ից։
Եզրափակելով Մինասյանն ասաց, որ Փաշինյանը հիմա փորձում է ԱԱԾ-ում «չիստկա» անել, և թղթերը շտկել։ Բացի այդ փորձ է արվում ռուսների հետ պայմանավորվածություն ձեռք բերել, հետագայում ինչ-որ բան զիջելու պայմանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






