Չենք կարծում, որ տապալվել է վեթինգի գործընթացը։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով քննադատություններին, թե վեթինգի գործընթացը տապալվել է:
Մակունցը նշեց, որ շատ հարցերում մի գուցե ավելի ճիշտ կլիներ մի փոքր ավելի արագ գործել, գուցե շատ հարցերում կատարյալ չեն իրենց գործողություններում, բայց ձգտում են առավելագույնն անել համապարպակ անդրադառնալու դատաիրավական բարեփոխումներին։ Նա նշեց, որ դրական են գնահատում Արդարադատության նախարարության մշակած ռազմավարությունը, պարզապես պետք է դրսևորել հետևողականություն և իրականացնել դրանք։
«Բարեվարքությանը վերաբերող այդ օրենքների շարքը, որ կա, իրականացնում է գրեթե նույն գործառույթը: Այնտեղ կան հատվածներ, որոնք Սահմանադրության հետ հակասությունների մեջ են մտնում և այն ձևակերպումներով ու շեշտադրումերով, որ ենթադրում էր վեթինգն ըստ էության, չի կարող լինել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս: Բայց դա չի նշանակում, որ բարեվարքությանն առնչվող օրենքների շարքը չի լուծում խնդիրների մեծամասնությունը»,- նշեց Մակունցը:
Իշխող խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված աշխատանքային խումբը արդեն ձևավորված է։ Ընդ որում նրանում ներառված են թե՛ մասնագիտական խմբերը, թե՛ հասարակական սեկտորից խմբերը, թե՛ ընդդիմությունից և թե՛ իշխող մեծամասնությունից բոլոր կողմերը։
«Ես համոզված եմ, որ եթե քննարկման արդյունքում ընդհանուր կոմսենսուսով որոշվի, որ ինչ-որ մի ուղղություն կարևոր է և օգտակար է Հայաստանի Հանրապետությանը և օրենքի գերակայության հաստատմանը, վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»,- եզրափակեց Մակունցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






