«Իմ քայլը» խմբակցությունը առանձնահատուկ կարևոր է համարում անդրադառնալ ուրբաթ օրը տեղի ունեցած ԱԺ ծեծկռտուքին։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին ԱԺ-ում հայտարարեց, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա նկատեց, որ դատապարտել են տեղի ունեցած միջադեպը, դատապարտել են, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքներին, բայց միևնույն ժամանակ դատապարտում են ամիսներ շարունակ հետևողական կերպով մարդու արժանապատվությունը ոտնահարելը։
Մակունցը հիշեցրեց, որ Մարուքյանը 2019 թվականի հունվարի 16-ին կոնֆլիկտ է հրահրել ԲՀԿ խմբակցության հետ, երկու շաբաթ առաջ պատգամավոր Պապոյանին է հրահրել, ապա, պատգամավոր Ռուբեն Ռուբենյանին՝ չթողնելով խոսել, հրահրել է կոֆլիկտ, ապա Մխիթար Հայրապետյանի Դուք-ով խոսելու և ելույթը չընդհատելու կոչին՝ կրկնել է նույնը, պատգամավոր Սուրեն Գրիգորյանին դիմել է՝ ո՞վ ես դու արա ձևով, սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հացեին, Պաշտպանության հանձնաժողովի նիստին ասել է՝ հեսա քֆուր կտամ։ Նա նշել է, որ ԼՀ խմբակցության ղեկավարի եղբայրն էլ շարունակում է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել մեկ այլ պատգամավորի մոր հասցեին։
Վերհիշելով այն օրվա միջադեպը, Մակունցը նշեց, որ Մարուքյանը, ով պնդում է, թե կրում է արժեքները, որոնք դեմ են բռնությանը և հավատում է դրան, այն բանից հետո, երբ Սասուն Միքայելյանն իրեն ապտակել է, տեսնելով, որ ԲՀԿ պատգամավորները միջամտել և պահել են Միքայելյանին, և ինքը ինքնապաշտպանվելու կարիք չունի, հարձակվել և ոտքով հարվածել է Սասուն Միքայելյանին։
«Ինչպե՞ս կարող է բռնությանը դեմ պատգամավորը հարձակում գործել և ոտքով հարվածել։
ԼՀ զոհ չէ, ինչպես փորձում են պնդել պարբերաբար, ԼՀ-ն՝ ի դեմս իր ղեկավարի, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտ հրահրող է։ Զարմանալի է, որ ղեկավարը կարող է կոնֆլիկտներ գեներացնողի դիրքերից հանդես գալ»,- նշեց Մակունցը՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն, իրենք երբեք իրենց թույլ չեն տվել նման բառամթերք օգտագործել ու կոնֆլիկտ հրահրել։
«Վերահաստատելով, որ կոնֆլիկտն ունի երկու կողմ գտնում ենք, որ այս ամենը հարթելու համար, թույլ չտալու համար, որ հետագայում այսպիսի միջադեպեր կրկնվեն, այսպիսի մթնոլորտ գեներացվի , այս ամենը պետք է ունենա քաղաքական հետևանք։ «Իմ քայլի» դիրքորոշումն է՝ Սասուն Միքայելյանը պատրաստ է վայր դնել մանդատը, եթե միաժամանակ մանդատը վայր դնի նաև Էդմոն Մարուքյանը։ Ավելին՝ մանդատը վայր դնել պատրաստ են նաև պատգամավորներ Վահե Ղալումյանն ու Արտակ Մանուկյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատը վայր են դնում ԼՀ պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը։ Սա է մեր դիրքորոշումը, սա է արդարությունը և քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա։ Կարծում եմ՝ շատ կարճ ժամակամիջոցում ԼՀ պետք է արձագանքի և հանդես գա իր դիրքորոշումով»,- եզրափակեց մակունցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






