Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ մեր հայրերի և պապերի հիշատակի լավագույն հարգանքի տուրքը կլինի հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիմնված ամուր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա»:
Իր ուղերձում Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է․ «Հաղթանակի օրը մեր ժողովուրդների միջև բարեկամության առավել ցայտուն խորհրդանիշներից մեկն է, որը կապում է Ղազախստանի և Հայաստանի անցյալն ու ներկան: Համոզված եմ, որ հետագայում ևս մեր սրտերում կպահպանենք այն հերոսների հավերժ հիշատակը, ովքեր անցել են Հայրենական մեծ պատերազմի միջով և հաղթանակ են տարել ֆաշիզմի դեմ պայքարում՝ հանուն համայն մարդկության խաղաղ կյանքի»:
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Բելառուսի ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ։
Մարտի դաշտում մեր հայրերի և պապերի սխրանքն, ինչպես նաև թիկունքում հաղթանակը կերտողների անձնուրաց աշխատանքը մեզ համար մնալու են որպես հպարտության անսպառ աղբյուր և հայրենիքի նկատմամբ սիրո ու անսահման հայրենասիրության օրինակ։
Համոզված եմ, որ ֆաշիզմի նկատմամբ մեր ընդհանուր հաղթանակը հետագայում ևս կծառայի ի շահ մեր երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման»,-ասված է Բելառուսի նախագահի ուղերձում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







