«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, խմբակցության անունից ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից, բոլոր այն հայրենակիցներինց, որոնք ականատես են ԱԺ նիստերի դահլիճում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։
««Իմ քայլը» տրվել է սադրանքներին, տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել, ներկայացնեմ մանրամասներ աjդ սադրանքների և այն մասին, թե ինչ է տեղի ունեցել վերջին շաբաթների ընթացքում: Ամեն ինչ սկսվեց «Ապօրինի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից, այն պահից, երբ դիրքորոշում հայտնեց «Լուսավոր Հայաստան»-ը՝ կողմ չքվեարկելով, դրա ընդունումից հետո շեշտակի փոխվեց «Լուսավոր Հայաստան»-ի հատկապես ղեկավարի վարքագիծը ԱԺ նիստերի դահլիճում: Երբևէ պարոն Մարուքյանը պատգամավոր եղած ժամանակ այս գումարման, նախորդ գումարման ընթացքում, երբևէ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որ թույլ է տվել 7-րդ գումարման ԱԺ-ում»,- ասաց նա:
Մակունցը նշեց՝ ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ԼՀ խմբակցության ղեկավարն ԱԺ նիստերի դահլիճում հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխնախագահի հասցեին և դրան չհաջորդեց ներողություն՝ ո՛չ նրան, ո՛չ պատգամավորներին, ո՛չ ՀՀ քաղաքացիներին ուղղված, իսկ դրան հետևեցին գործընթացներ ԱԺ նիստերի դահլիճից դուրս:
«Ես չեմ փորձում որևէ կերպ արդարացնել այդ միջադեպը։ Ցավում եմ կատարվածի համար։ Միաժամանակ ուզում եմ, որ բոլորս արձանագրենք, որ ԼՀ խորհրդարան է բերում օրակարգեր դրսում գտնվող խուլիգանական խմբակների համար։ Եվ դա փաստ է։ Հիմա շաբաթներ շարունակ փորձում են սադրել և ներքաշել խմբակցությանը գործողությունների մեջ, որ այս տեսախցիկների առջև մեզ կներկայացնեն այնպես, ինչպես ցանկանում էր պարոն Մարուքյանը», — հայտարարեց է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






