Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ իրավապահ համակարգում կատարվող փոփոխությունները բավարար չեն, եթե չասենք ավելին՝ անբավարար։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, խորհրդարանում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Տպավորություն է ստեղծվում, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որոշակի շրջանակներ ոստիկանությունում և ԱԱԾ -ում սաբոտժաի են ենթարկում պետությունն ու պետականությունը», — ասաց նա:
Նրա խոսքով՝ նոր իշխանության ամենամեծ ձախողումը ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի նշանակումն էր։
«Պարոն վարչապետ, դուք ոստիկանապետ նշանակեցիք մի մարդու, ով այսօր ռուսահայ օլիգարխի թիկնապահն է կամ թիկնապահական խմբի ղեկավարը։ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակված մարդու մասին ես նույնիսկ չեմ ուզում խոսել», — դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասել է Բաբաջանյանը։
Նա ընդգծեց, որ համաձայն չէ վարչապետի այն գնահատականի հետ, որ օլիգարխիան Հայաստանում ոչնչացված է։
«Հայաստանում օլիգարխիա կա, և այն շարունակում է բիզնես արտոնություններ ստանալ։ Հայաստանում լայն իմաստով կա օլիգարխիա, որը պահպանում է տնտեսական ակտիվների մեծ մասը, ինչպես նաև ազդեցությունը իշխանության տարբեր ճյուղերի վրա», — համոզված է նա։
Անդրադառնալով պետական կառավարման համակարգում Սերժի մնացորդներից ազատվելու մասին հայտարարություններն, պատգամավորը նկատեց, որ խոսում ենք Սերժի կադրերից․ մոռանում ենք՝ երկիրն ապրում է նույն Սերժի մնացորդ կառուցակարգերով։
Նախորդ տարի դատական համակարգում ձախողել ենք վեթթինգ իրականացնելու գործիքներ ներդնելը, այդ պատճառով ըստ Բաբաջանյանի՝ իրավապահ մարմինների և դատական համակարգի վրա «ստվերային ազդեցության» շնորհիվ նախկին իշխանությունների շատ ներկայացուցիչների հաջողվել է խուսափել պատասխանատվությունից, լքել երկիրը, իսկ որոշ դեպքերում նաև ապահովել իրենց ընտանիքների տեղափոխությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






