Մի շատ կարևոր էջ ենք շրջում. երեկ և այսօր կառավարությունն Ազգային ժողովում ներկայացնում է անցյալ տարվա աշխատանքի արդյունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ հրապարակելով Կառավարության կատարողականից առանձնացրած հատվածներ։
- «2019թ.-ի ընթացքում Ադրբեջանից բռնագաղթած և մոտ 30 տարի անօթևան մնացած 297 ընտանիքներին բնակարան տրամադրելու ուղղությամբ ահռելի աշխատանք է տարվել: Անցյալ տարվա բյուջեով (1.5 մլդ ՀՀ դրամ) 112 ընտանիք արդեն ընթացիկ տարում ստանում է բնակարանների վկայականները և այս տարի ևս 185 ընտանիքի բնակարանային կարիքների համար նախատեսված է 2.1 մլդ ՀՀ դրամ բյուջե:
- Երկրաշարժի հետևանքով անօթևան 453 ընտանիքից 227-ի բնակարանային խնդրի լուծման համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 միլիարդ դրամ: Իսկ այսօր կառավարության նիստում տրամադրեց 2020թ.-ի բյուջեով նախատեսված ևս 3 մլրդ ՀՀ դրամը՝ այսպիսով ամբողջությամբ կատարելով պետության պարտավորությունն այդ ընտանիքների նկատմամբ:
- Մեկնարկել է նաև մանկատան շուրջ 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով կառավարության որոշմամբ անցած տարի հատկացվեց 1.9 մլրդ ՀՀ դրամ։ Արդեն 133 անձ ստացել է բնակարան ձեռք բերելու վկայական, որի խոստումը ստացել էր դեռ 2003թ.-ին»,- նշել է նա:
Նազարյանն ընդգծել է, որ այս բոլոր նշածները, հանրային խմբերի անտունությունը մեր երկրի տասնամյակներով կեղեքման և հաստատված անարդարության նշանն էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






