Կառավարության քաղաքական կամքը իրականացնելու քաղաքական բարեփոխումներ իրագործվում է հետևողական ճանապարհով։ Այս մասին այսօր կառավարության ծրագրի կատարման քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ Կառավարություն- քաղաքացի կապը հաճախ տեսնում ենք ուղիղ եթերում։
Նա կառավարության ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարեց թափանցիկությունը, երբ կառավարության բոլոր նիստերը հեռարձակվում են, իսկ քաղաքացիների հետ շփումները հաճախ ուղիղ եթերում են լինում։
Նա նկատեց, որ անցալ տարի և ինստիտուցիոնալ, և ֆունկցիոնալ լուրջ հաջողություններ ենք ունեցել կոռուպցիայի դեմ պայքարում:
«Նախ, ձևավորվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Հանձնաժողովը ձևավորվեց թափանցիկ կերպով, հանձնաժողովի նախագահ ընտրվեց ոչ թե խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուն, այլ նա, ով ներկայացված էր ընդդիմադիր խմբակցության կողմից: Սա կարևոր կոմպոնենտ է, որը վկայում է կառավարության՝ ժողովրդավարական ռեֆորմներից հետ չկանգնելու մասին», — ասաց բանախոսը:
Վլադիմիր Վարդանյանը շեշտեց՝ կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության որդեգրած զրո հանդուրժողականությունն այսօր արդեն բավական տեսանելի ադյունքներ է տալիս: Իմքայլական պատգամավորը գովեց նաև Հայաստանում ժողովրդավարության իրավիճակը։ Նա նշեց, որ ամբողջ տարածաշրջանում Հայաստանը ժողովրդավարության ֆլագմանի խորհրդանիշ է, և այդ ֆլագմանը պետք է շարունակեն առաջ մղել։
«Մենք աննախադեպ ցուցանիշներ ունենք, բայց պետք է գնանք առաջ: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը կա և մնում է տարածաշրջանում ժողովրդավարության ֆլագմանը», — ասաց նա:
Վարդանյանն անդրադարձավ նաև ընտրական գործընթացներին և պնդեց, որ Հայաստանում ընտրակաշառքները վերացվել են իսպառ, և նույն կերպ իսպառ պետք է վերացնել ընտրողների կամքի վրա որևէ ճնշում։
Պատգամավորը նաև վստահ է, որ Հայաստանում այլևս չկա անձեռնմխելիների կաստա, իսկ յուրաքանչյուր անձ իրեն հավասար է զգում օրենքի առաջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






