Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացված ստուգումների արդյունքում կազմված զեկույցը նախնական եզրակացություն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ քաղավիացիայի վերաբերյալ հարցին:
«Մայիսի 12-ին կայանալու է նիստ, որի ընթացքում քննարկվելու է որոշումը։ Այնուամենայնիվ, հարցը բազմիցս բարձրաձայնվել է, և խոսքը ոչ թե կոմիտեի վերջին տարիների գործունեության մասին է, այլ՝ նույն կոմիտեի տասնամյակների գործունեության, և, այո, միանշանակ, եղել են թերացումներ։ Այո, ուզում եմ նաև տեղեկացնել, որ այդ թերացումները վերացնելու նպատակով իրականացվել են շատ կտրուկ գործողություններ, որոնք չեն արվել տասնամյակներ շարունակ:
Ուզում եմ տեղեկացնել, որ կոմիտեն իր առարկությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստին, և վերջնական որոշումը ստանալուց հետո մենք կանենք որոշակի հետևություններ։ Ես հուսով եմ, որ նաև Քաղավիացիայի կոմիտեի զարգացման տեսանկյունից սա դրական դեր է խաղալու»,- նշեց Ավինյանը։
Փոխվարչապետը նաև ասաց, որ այս պահին թռիչքների մասին խոսելն առավել քան վաղաժամ է, քանի որ աշխարհում օդանավերի մոտ 85 տոկոսը կայանված են: Պատգամավորի մտահոգությունը Ավինյանը փարատեց նաև դեպի Եվրոպա թռիչքների առնչությամբ:
«Որևէ խնդիր չկա, եթե այն վերաբերում է մեր քաղաքացիների վերադարձին»,- ասաց փոխվարչապետը՝ նշելով, որ պետք է սպասել նիստին ու վերջնական եզրակացությանը։
Փոխվարչապետը չցանկացավ այս փուլում որևէ մանրամասնություններով կիսվել մայիսի 12-ի նիստի վերաբերյալ, սակայն ըստ Ավինյանի եվրոպական շուկան չենք էլ ունեցել որ կորցնենք, իսկ շուկա մտնելու համար պետք է նվազագույնը կարողություն ձևավորենք Քաղավիացիայի կոմիտեում և հայկական ավիաընկերություններում՝ եվրոպական ու միջազգային ստանդարտներրին համապատասխանելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







