Մինչև վարչապետը չմեկնաբանի, ես որևէ բան չեմ կարող ասել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությյանը, որ վարչապետն այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով իրեն գործարք է առաջարկել:
«Այդ մեղադրանքները վերաբերում են երեք մարդու՝ Վանեցյան, Մինասյան և Փաշինյան: Վանեցյանն ու Մինասյանն ասել են, մնացել է Փաշինյանը․ մինչև չխոսի, ես որևէ բան չեմ կարող մեկնաբանել, հիմա կարող է Փաշինյանն ասի սուտ են ասում, կամ ասի՝ այո հանձնարարել եմ, սպասեք թող պատասխանի»,- ասաց նա:
Հարցին՝ այսօր հա՞րց է տալու այդ մասին, նա ասաց, որ այլ հարց ունի. «Վստահ եմ՝ իրենց պատգամավորներին ասած կլինեն, որ այդ հարցը հնչեցնեն, ինքն էլ պատասխանի, որ այդ թնջուկը հանգուցալուծումն ունենա»,- ընդգծեց նա:
Մարուքյանը նշեց, որ որևէ կապ չունի Միքայել Մինասյանի հետ, ընդամենը գործող իշխանությանը շահեկան է մարդկանց կապել նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։
«Իշխանությունն է կապված Միքայել Մինասյանի հետ, նրա հին ընկերոջը՝ Վանեցյանին, ԱԱԾ պետ էին նշանակել։ Ոչ երկրի փողերն ենք գողացել այ թի ընկերություն ստեղծելու համար, ոչ Մարտի 1, ոչ Հոկտեմբերի 27 ենք կազմակերպել․ մի բան պետք է ասեն»,- շեշտեց նա:
Անդրադառնալով կուսակցությունների մասին օրենքի նախագծին, նա ասաց, որ էական բան չի փոխվելու, մի քանի նյուանս միայն: «Եթե պետական բյուջեի կուսակցություններին տրվող աջակցությունը չմեծացվի, Հայաստանում մշակույթ չփոխվի, որ բիզնեսը չվախենա կուսակցություններին ֆինանսապես աջակցելուն, ինչ օրենք ուզում է փոխեն Հայաստանում, կուսակցություններն ունենալու են և´ կայանելու, և´ զարգանալու, և´ ինստիտիուցիոնալ մարմին դառնալու խնդիր»,- շեշտեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






