Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը քաղաքական է և կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
Armtimes.com-ը, Գևորգյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք ճիշտ է, որ Քյարամյանը 1 օրով նշանակվել, այնուհետեւ ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, որպեսզի կոչումը համապատասխանեցվի օրենսդրական չափանիշներին և նշանակվի ԱԱԾ տնօրենի տեղակալ։
«Հաշվի առնելով Քյարամյանի աշխատանքային գործունեությունը՝ առավել նպատակահարմար է համարվել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը։ Ամեն ինչ օրենսդրական կարգավորումների շրջանակում է»,- ասել է վարչապետի մամուլի խոսնակը։
Նշենք, որ երեկ Արգիշտի Քյարմյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Արդեն այսօր նա ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից եւ նախագահի հրամանագրով նշանակվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






