ՀՀ Առողջապահության նախարարությունը մշակել է «Հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման և ախտահանման միջոցառումների իրականացման ուղեցույց»:
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` հանրային սննդի կազմակերպությունները/օբյեկտները շահագործելիս պետք է իրականացնեն կանխարգելիչ մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն անձնակազմի և այցելուների նկատմամբ հանրային սննդի օբյեկտի կանոնների պահպանմանը:
Ներկա փուլում, հանրային սննդի կազմակերպությունները/օբյեկտները շահագործելիս, անհրաժեշտ է պահպանել ստորև ներկայացված կանոնները:
1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ.
1) Հանրային սննդի օբյեկտներում նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):
2) Հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի մեջ ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
բ. 65 և բարձր տարիքի անձինք,
գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
2. Հանրային սննդի վայրի մասով կանոններ.
1) Հանրային սննդի օբյեկտն ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:
2) Հանրային սննդի օբյեկտի ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ տեղադրվում են ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակ աղբարկղեր:
3) Աշխատողներն ապահովվում են մեկանգամյա օգտագործման դիմակների և ձեռնոցների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաև անձեռոցիկներով:
4) Աշխատողների սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ:
3. Աշխատանքային տարածքի ախտահանումը.
1) Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ օգտագործելով ախտահանիչ միջոցներ՝ 60-80%-անոց սպիրտային հիմքով: Մանրակրկիտ ախտահանվում են շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները։
2) Իրականացվում է բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ:
3) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:
4) Անհրաժեշտ է խուսափել կտորից կարված աթոռների ծածկերից. աթոռների թիկնակները պետք է լինեն ախտահանման ենթակա:
4. Անձնակազմի համար կանոններ.
1) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
2) Աշխատողները մշտապես կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ ձեռնոցներ և մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որոնք փոխվում են 3-4 ժամը մեկ: Ձեռնոցների և մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում:
3) Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:
6. Հաճախորդների սպասարկման կանոններ.
1) Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում և տվյալների գրանցում գրանցամատյանում:
2) Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով:
3) Հաճախորդների սպասարկման սեղանների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն:
4) Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը:
Կանոններին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







