Երևանի ավտոբուսի պարկը կհամալրվի միջազգային նորագույն չափանիշներին համապատասխան 100 ավոտբուսով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ապրիլի 28-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվեց Երևանի քաղաքապետարանի հայտարարած ավտոբուսների մրցույթը:
«Մրցույթը լինելու է միայն էլեկտրոնային տարբերակով, մենք հայտեր չենք ստանալու առձեռն, միայն ստանալու ենք մրցույթին մասնակցելու երաշխիքները, որն ուղարկվելու է փոստով մեր հասցեին: Տեղադրված է ՎԶԵԲ-ի կայքում, այն հասանելի է, ուղղակի ցանկացած մասնակից պետք է գրանցվի կայքում, որպեսզի կարողանա ներբեռնի մրցութային ողջ փաթեթն ու մասնակցի: Մրցույթը բաց է, թափանցիկ է և հասանելի»,— նշում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի գնումների մասնագետ Արման Պետրոսյանը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ նոր երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 820 ավտոբուս, դրանց միանգամից ձեռքբերումը բավականին դժվար է:
Բացի այդ, այս պահի դրությամբ Երևան քաղաքում խնդիր ունեն՝ կապված միկրոավտոբուսների հետ, դրանց տարիքը լրանում է, շահագործումից պետք է դուրս հանվեն, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ փոքր քանակությամբ ավտոբուսներ ձեռք բերենք՝ 100 միավոր, որոնք արդեն կաշխատեն Երևան համայնքում, և այնուհետ ծրագիրը փուլային կսկսենք իրականացնել։
Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12 մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:
«Նախատեսում ենք նաև, որ պետք է ունենանք ավտբուսների համար դեպո, դրա հետ կապված նախագծային աշխատանքները մայիս ամսվա կեսից կսկսեն, և կարծում եմ՝ ավտոբուսները, երբ արդեն լինեն Երևանում, մենք կունենանք ժամանակակից դեպո, որտեղ կարող ենք սպասարկել նաև այդ ավտոբուսները: Մենք փուլային կսկսենք իրականացնել արդեն բոլոր միջոցառումները, որպեսզի ունենանք մեր ցանկալի արդյունքը Երևանում»,- ասում է Հրաչյա Սարգսյանը:
Ավտոբուսների սպասարկումն ու շահագործումը պատշաճ և համակարգված իրականացնելու համար ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կկառուցվի 4 հավաքակայան: Դրանք, ի դեպ, ապահովված կլինեն նաև գազի լիցքավորման կայաններով:
«Երևանի ավտոբուս» ընկերությունն այսօր մայրաքաղաքում 19 երթուղի է սպասարկում: Ընկերության հավաքակայանում այժմ շուրջ 250 ավտոբուս կա:
«Այդ 100 ավտոբուսները կլինի հավելյալ, և այն մասնավոր կազմակերպությունները, որոնք այս ընթացքում չեն կարողանա իրենց շարժակազմը համալրել համապատասխան ավտոմեքենաներով, որոնց ժամկետը կհամապատասխանի, մենք այդ գծերը կփոխարինենք արդեն այդ ավտոբուսներով: Բայց այնուամենայնիվ այդ ավտոբուսների քանակը բավականին քիչ է, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ փոխարինել Երևանում օրական 800 միկրոավտոբուսի սպասարկումը»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:
Նոր ավտոբուսների մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը:
Մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցով ընդհանուր առմամբ կգործարկվի 820 նոր ու հարմարավետ ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ներկայումս գործող 111 երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը: Ծրագրի իրացման հարցում քաղաքը նոր՝ գործնական քայլերի փուլ է մտել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







