Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել։ Նա նշել է, որ այս օրերին բոլորը լարված հետևել են իրենց գործունեության շուրջ ստեղծված իրավիճակին. «Եղել են մարդիկ, ովքեր անհանգստություն են հայտնել, եղել են ուժ տվող ու աջակցող մարդիկ, եղել են, իհարկե, իրավիճակից ուրախացողներ։ Բայց, հատկապես, 3000 ընտանիք առավել անհանգիստ են եղել, որովհետև դե ֆակտո, իրենց կայունության երաշխավորողը դե յուրե ներգրավված է իրավունքի տրամաբանությունից դուրս գործողություններում»։
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի և դատարանների որոշումների ուղղորդված լինելը, նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը»։
Այնուհետև Խաչատրյանը դիմել է իր գործընկերներին, թիմակիցներին, Ucom-ի աշխատակիցներին, տեղական ու միջազգային գործընկերներին. «Վստահ եղեք, որ մեր ընկերությունների խումբը ամուր կանգնած է իր դիրքում և տիրապետում է իրավիճակին։ Հետաքրքիր բան է կյանքը. պապս ջերմոցներ է ունեցել, հայրս պետական պաշտոնյա է եղել, ես ընտրել եմ բիզնեսի ճանապարհը ու, գուցե, իմ երեխաները ընտրեն պետական ծառայությունը։ Ամեն սերունդ իր ճանապարհն ունի, բայց մեր ազգում չեն եղել ուրացողներ ու վախեցողներ. սա ընդհամենը ճանապարհի սկիզբն է»,-ամփոփել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







