Վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը դատի է տվել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Այս մասին տեղեկանում ենք Խառատյանի ֆեյսբուքյան էջից։
Հայցը վերաբերում է Հրանտ Բագրատյանի ապրիլի 8-ին ֆեյսբուքյան գրառմանը, որում, ըստ Խառատյանի վիրավորական արտահայտություններ են եղել իր հասցեին, ինչպես նաև իրեն են վերագրվել գոյություն չունեցող փաստեր։
«Վիրավորանք։ Նախկին վարչապետն իր գրառման մեջ ինձ անվանում է «սորոսական էմիսար», «սորոսական թափթփուկ», մտապնդումներ անում, թե` մեջբերում եմ. «թքած ունենք Արցախի ընտրությունների վրա, ինչպես Ադրբեջանը:
Զրպարտություն. Բագրատյանը ինձ է վերագրում բաներ, որոնք աղերս չունեն իրականության հետ: Մասնավորապես հայտարարում է, թե իբր ես, Արցախի ընտրությունները հայտարարել եմ կեղծված, պահանջել եմ Բակո Սահակյանի հրաժարականը, օգտագործել եմ Արցախի հեղափոխական ուժերին եւ այլն:
Մնում է հուսալ, որ հայցը կլսվի հնարավորինս սեղմ ժամկետներում եւ չի արժանանա իմ ու ընկերներիս արդեն երկար ձգվող մի քանի այլ հայցերի ճակատագրին»,-գրել է Խառատյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







