Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ավելի քան 30 ամերիկացի սենատոր միացել է Ներկայացուցիչների պալատի 75 անդամի՝ 2021 թվականին Արցախի ֆինանսավորումն ավելացնելու նախաձեռնությանը։ Ֆինանսական միջոցներն առաջարկվում է ուղղել Արցախում ականազերծման և անհրաժեշտ վերականգնողական ծառայություններին։ Նախաձեռնության հարցում ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ու հայկական լոբբիստական խմբերի դերակատարության, նախաձեռնության հաջողության հնարավորությունների մասին Armenia Today-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ։
«Այս նախաձեռնության ձևավորման հարցում առանցքային նշանակություն է ունեցել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Այդ աշխատանքների շնորհիվ 10 հազարից ավելի ընտրողներ դիմել էին իրենց սենատորներին, որպեսզի նման նախաձեռնությամբ հանդես գան։ Սենատի դեպքում հիմնական նախաձեռնողը սենատոր Մենդեսն է, ով միշտ էլ աջակցել է հայ համայնքի նախաձեռնություններին»,- ասաց Մանոյանը։
Խոսելով նախաձեռնության հաջողության հնարավորությունների մասին՝ Մանոյանը նշեց, որ հիմա այլևս ստորագրություններ ավելացնելու հնարավորություններ չկան, իսկ նախաձեռնության ամբողջ նպատակն ԱՄՆ-ի 2021 թվականի պետական բյուջեում Արցախում ականազերծման աշխատանքների և որոշ առողջապահական խնդիրների լուծման համար ֆինանսավորման վերաբերյալ տող ավելացնելն է, խոսքը գնում է մոտ 1,5 մլն դոլար ֆինանսավորման մասին։
«Այժմ մտնում ենք այն փուլը, որ առաջիկա ամիսների ընթացքում Սենատի յուրաքանչյուր պալատ նախաձեռնության վերաբերյալ իր տարբերակը կներկայացնի, իսկ վերջում երկու պալատների ներկայացուցիչները կհանդիպեն և յուրաքանչյուրը բյուջեի նախագծի իր տարբերակը կներկայացնի, քննարկումներից հետո մեկ միասնական տարբերակով հանդես կգան»,- ասաց Մանոյանը։
Նա հիշեցրեց, որ Սպիտակ տունը բյուջեի առաջարկված նախագծում հանել էր ականազերծման ֆինասնավորման վերաբերյալ տողը, ինչպես դա արել էր 2019 թվականին, սակայն այդ տարի Կոնգրեսն ավելացրեց Արցախում ականազերծման ֆինասնավորման վերաբերյալ տողը։
«Այս տարի էլ, փաստորեն, նույն վիճակն է․ Սպիտակ տունը նախընտրում է չտրամադրել այդ օժանդակությունը, բայց Ներկայացուցիչների պալատի և Սենատի որոշ անդամներ կրկին ցանկանում են այդ աջակցությունը տրամադրվի, որն ուղղված կլինի ոչ միայն ականազերծման աշխատանքներին, այլ՝ առողջապահական մի շարք խնդիրների լուծմանը, մասնավորապես կուղղվի Լեդի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը՝ միաժամանակ ընդգծելով Արցախում ականազերծման աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը։
Մանոյանը նշեց, որ Սպիտակ տունը նախընտրում է բյուջեի այս ծրագրում չլինի Արցախին մարդասիրական աջակցության տրամադրման վերաբերյալ որևէ տող, փոխարենը տող ավելացնեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար։
«Սա, ըստ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի, մեկը մյուսի հետ կապ չունի։ Անկախ նրանից, թե ինչքան գումար ԱՄՆ-ը կհատկացնի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար, չպետք է կրճատվի Արցախին տրամադրվող մարդասիրական օժանդակությունը, մանավանդ որ Սպիտակ տան կողմից ներկայացված տարբերակի մեջ առաջարկ կա մեծացնելու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության չափը։ Սա Սպիտակ տունն արդարացնում է նրանով, որ այդ օժանդակությունն Արցախի դեմ չի օգտագործվելու, այլ ուղղվելու է Կասպից ծովի անվտանգության խնդիրներին, այսինքն՝ Իրանի դեմ է կիառվելու, բայց դա անիմաստ հիմնավորում է, որովհետև եթե Ադրբեջանն ԱՄՆ-ի գումարներով պետք է անվտանգության միջոցառումներ իրականացնի Կասպից ծովում, դա կարող է անել Արցախ դեմ։ Այս բոլորի մեջ շատ անընդունելի է, եթե չասնեք՝ դատապարտելի, որ մի կողմից Արցախին տրվող մարդասիրական օժանդակությունն են ուզում կրճատել, մյուս կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օժանդակությունն են մեծացնում»,- ասաց Մանոյանը՝ ընդգծելով, որ ակնհայտ է՝ այդ գումարներն ուղղվելու են Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական պատրաստությանը ավելացմանը։
Վարդուհի Մկրտչյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







