ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին առաջարկել է աշխատանքային իրավունքների խախտումների մասին պետական կառույցներին արագ, մատչելի և գուցե անանիմ ազդարարելու համակարգ ստեղծել։
Նազարյանն ընդգծել է, որ հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ Նա նշել է, որ սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցողներն արդեն ստիպված անթաքույց խոսեցին, որ գործատուները չեն գրանցել իրենց աշխատանքը և չեն վճարել հարկեր, որոնք հիմա հնարավոր կլիներ վերադարձնել այդ աշխատողներին սոցիալական ծրագրերի միջոցով։
ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ այս օրերին հայտնի է դարձել, որ որոշ գործատուներ անգամ պահանջել են իրենց աշխատողներից սոցիալական աջակցության մի մասը տալ իրենց։
«Խոսվեց նաև, որ մարդկանց կախյալ պահելու համար տարիներով նույն վայրում աշխատող մարդկանց հետ կնքում են ժամանակավոր պայմանագիր և պատեհ պահին հրաժարվում շարունակել այն։
Այս ամենը պետական համակարգի համար համակարգված լսելի դարձնելու համար երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին առաջարկեցի աշխատանքային իրավունքների խախտումների մասին պետական կառույցներին արագ, մատչելի և գուցե անանիմ ազդարարելու համակարգ ստեղծելու հնարավորությունը»,- նշել է նա։
Նազարյանը տեղեկացրել է, որ որոշ ուսումնասիրությունից հետո այդ ուղղությամբ կլինեն նաև կոնկրետ քայլեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







