Վրաստանը կարող է դառնալ առաջին երկրներից մեկը, որը կստանա «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ծերծվաձեն, փոխանցում է վրացական «Առաջին ալիքը»։
Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ամերիկյան ազգային ինստիտուտի ղեկավար դոկտոր Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ ռեմդեսիվիր դեղամիջոցն օգնում է Covid-19 հիվանդությամբ տառապող մարդկանց:
«Հույս կա, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որը կստանա «Ռեմդեսիվիրը»։ Եթե այդ հույսերն արդարացվեն, ապա Վրաստանն ավելի մեծ քայլ կկատարի առաջ», — հայտարարել է Ծերծվաձեն։
Նրա խոսքով՝ երբ սկսվել են «Ռեմդեսիվիրի» հետազոտությունները, ամբողջ աշխարհը հերթ է կանգնել այդ դեղամիջոցը ստանալու համար։
«Եթե մենք հերթ կանգնեինք, քանի որ վարակման շատ քիչ դեպքեր և ավելի քիչ մահեր ունենք, մենք շանսեր չէինք ունենա։ Սկզբում բավարարվում են այն երկրների հարցումները, որոնցում շատ են վարակվածները և զոհերը։ Մեր առողջապահության նախարարը և կառավարությունը արտոնություն ունեն, որ այն ընկերությունը, որն անվճար դեղորայք է տրամադրում Վրաստանին «հեպատիտ C»-ի էլիմինացիայի ծրագրի համար, շատ է հարգում Վրաստանը և նրա առողջապահական համակարգը։ Մեր ղեկավարն օգտվել է այդ արտոնությունից և դիմել անմիջապես ընկերությանը, որպեսզի նրանք հաշվի առնեն Վրաստանի հետ համագործակցության հաջող պատմությունը և մեր երկրին տրամադրեն «Ռեմդեսիվիր»։ Հույս կա, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որը կստանա «Ռեմդեսիվիրը»,-հայտարարել է Ծերծվաձեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







