Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:16

Որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ․ Արկադի Խաչատրյան

Որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ․ Արկադի Խաչատրյան

Որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նա մասնավորապես նշել է, որ երեկ և այսօր իշխանական խմբակցության  գործընկերները կոչ էին անում Լուսավոր Հայաստան խմբակցության տնտեսագետ պատգամավորներին հուշել, թե որտեղից հայթայթել 100 մլրդ դրամ՝ հակաճգնաժամային անհատույց աջակցության համար:

Խաչատրյանն ընդգծել է, որ հակաճգնաժամային միջոցառումների համար Կառավարության կողմից նախատեսված 150 մլրդ. դրամից՝ 1.5 ամիս տևողությամբ արտակարգ դրության պայմաններում բիզնեսին, գյուղացիներին և այլ քաղաքացիներին փաստացի հասանելի է դարձել շուրջ 48 մլրդ. դրամի աջակցություն, որն ի դեպ կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 0.7%-ը:

«Սա չնչին ներարկում է տնտեսության մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք յուրաքանչյուր 3-4 օրում կորցնում ենք այդքանից ավելի ՀՆԱ՝ տնտեսական գործունեության սահմանափակումների և պարապուրդի պատճառով: Կառավարության կողմից ներկայումս առաջարկվող «աջակցությունը» ո՛չ իր ծավալով, ո՛չ ներարկման եղանակով չի կարող ապահովել այսօր առկա առաջարկի և պահանջարկի շոկերին մեր տնտեսության անհրաժեշտ դիմակայումը» ,- նշել է նա:

Պատգամավորի կարծիքով՝ կառավարությունը կարծում է, որ արտակարգ դրության պայմաններում բիզնեսին և գյուղացուն աջակցելը վարկ տալն է, և դա այն դեպքում, երբ նրանք գոյատևման և անհատույց աջակցության կարիք ունեն: Նա նկատել է, որ կառավարության ներկայացուցիչը ամբիոնից հայտարարում է, որ տնտեսության մեջ հնարավոր է ներարկել այնքան միջոցներ, որքան այն ի վիճակի է կլանելու՝ ակնարկելով, որ իրենց նախատեսած «աջակցությունը» չի կլանվում տնտեսության կողմից:

«Այո, դա ճիշտ է, բայց ինչու՞ չի կլանվում, միթե՞ փողի կարիք չկա: Բայց մենք գիտենք, չէ՞, որ այսօր թե՛ բիզնեսի և թե՛ ազգաբնակչության մոտ փողի հսկայական կարիք կա: «Աջակցությունը» չի կլանվում, որովհետև առաջարկվող ծրագրերի առյուծի բաժինը, չհաշված սոցիալական ծրագրերը, վարկային ծրագրեր են: Որովհետև վարկային ծանրագույն բեռի տակ գտնվող անվարկունակ գյուղացուն կրկին առաջարկվում է վարկ վերցնել՝ անհատույց ուղղակի աջակցություն տրամադրելու փոխարեն: Ճգնաժամից առաջնահերթ տուժած ոլորտների ՓՄՁ-ներին հարկային արձակուրդներ տրամադրելու փոխարեն առաջարկվում է վարկ վերցնել, որ հարկեր վճարեն»:

Խաչատրյանն ընդգծել է, որ իրենց կողմից մատնանշվել է տնտեսավարողների և քաղաքացիների 12 կատեգորիա, որոնք դուրս են մնացել առաջարկվող աջակցության ծրագրերից և որոնց համար անհապաղ պետք է մշակել նոր ծրագրեր կամ ընդգրկել եղած ծրագրերի մեջ:

«Անընդունելի ենք համարել սեփական քաղաքացուն և տնտեսավարողին «պատժելու» և աջակցությունից զրկելու մոտեցումը միայն այն պատճառով, որ նա գրանցված չէ, ՀԴՄ չունի, կարգապահ չի եղել, վարկունակ չէ, չենք կարողանում նույնականացնել, անչափահաս երեխա չունի, հղի չէ և այլն»:

Պատգամավորը վստահեցրել է՝ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները ենթակա են արմատական փոփոխության՝

«-Վարկային ծրագրերը իրենց տեղը պետք է զիջեն անհատույց ուղղակի աջակցության ծրագրերին, որոնք պետք է լինեն թիրախային և արդյունավետ,

-թիրախային սոցիալական խմբերն են՝ առանց եկամտի մնացած, բոլոր ծրագրերից դուրս մնացած, ինչպես նաև առանձնապես խոցելի խմբերում ընդգրկված մեր քաղաքացիները,

-առանձնահատուկ ուշադրություն դարձնել գյուղացուն՝ նպատակային անհատույց ուղղակի աջակցություն տրամադրելու միջոցով (պարարտանյութ, վառելիք, տնկիներ և այլն), ինչպես նաև հնարավորինս գյուղացուն տարբեր տեսակի ռիսկերից զերծ պահելու միջոցով (վարկային, արտարժութային, եղանակային, բերքի իրացման և այլն),

-տրամադրել հարկային արձակուրդ ճգնաժամից տուժած առանձին ոլորտների տնտեսավարողներին,

-բիզնեսին՝ աջակցության վարկային ծրագրերի հետ մեկտեղ առաջարկել թիրախային անհատույց աջակցության ծրագրեր,

-սոցիալական խնդիրները լուծել հնարավորինս բիզնեսին աջակցելու և աշխատատեղերը պահպանելուն ուղղված աջակցության ծրագրերի միջոցով,

-մեր կողմից մատնանշված և բոլոր ծրագրերից դուրս մնացած տնտեսավարողների բազմաթիվ կատեգորիաների համար մշակել նոր ծրագրեր կամ ընդգրկել եղած ծրագրերի մեջ,

-և այլն»,- առանձնացրել է Խաչատրյանը:

Նա նշել է, որ անհապահ պետք իրականացնել կապիտալ ծախսեր (շինարարություն, ճանապարհաշինարարություն, այլ ենթակառուցվածքների կառուցում)՝ առաջնահերթությունը տալով այն համայնքներում դրանց իրականացմանը, որոնց բնակիչները առավելապես մեկնում էին արտագնա աշխատանքի, և անհրաժեշտ է հնարավորինս ապահովել այդ մարդկանց աշխատանքի օգտագործումը և նրանց զբաղվածությունը:

«Այո, Կառավարությունը ստիպված է լինելու աստիճանաբար հանել տնտեսական գործունեության բոլոր սահմանափակումները, և մենք պարտավոր ենք համակերպվել, որ ապրելու ենք և աշխատելու ենք կորոնավիրուսային իրողությունների պայմաններում»:

Այնուհետ պատգամավորն անդրադարձել է հակաճգնաժամային անհատույց աջակցության համար անհրաժեշտ 100 մլրդ. դրամի հնարավոր աղբյուրներին (ի դեպ, դա մեր ՀՆԱ-ի ընդամենը 1.5%-ն է): Ըստ նրա՝ դրանք բազմաթիվ են և շատ պարզ, տնտեսագետները շատ լավ գիտեն:

«-Գանձապետական միասնական հաշվի մնացորդ (29.04.2020թ. դրությամբ այն կազմում է 17.9 մլրդ. դրամ), կառավարության ավանդ ԿԲ-ում (29.04.2020թ. դրությամբ այն կազմում է 348 մլրդ. դրամ) (մնացորդները հայտնի են, սակայն դրանց բացվածքը կարող է տալ միայն կառավարությունը),

-պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարում կամ պետական մասնակցությամբ առանձին կազմակերպություններում պետության բաժնեմասի կամ մասնաբաժնի մասնավորեցում (ի դեպ, այս աղբյուրը նախատեսել է նաև կառավարությունը այսօր ընդունված 2020թ. բյուջեի փոփոխություններով),

-միջոցների ներգրավում արտաքին աղբյուրներից (Կառավարությունը հայտարարել է 300 մլն. $ վարկի հասանելիության մասին, որն արդեն կազմում է շուրջ 150 մլրդ. դրամ),

-միջոցների ներգրավում ներքին աղբյուրներից (պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, այդ թվում՝ թիրախային տեղաբաշխման միջոցով),

-հիշեցնեմ, որ հակաճգնաժամային միջոցառումների համար Կառավարության կողմից նախատեսված է 150 մլրդ. դրամ, որից դեռևս տեղաբաշխված չէ ավելի քան 100 մլրդ. դրամը: Այդ միջոցները կամ դրանց մի մասը, հատկապես զարգացման ծրագրերի համար նախատեսված, կարող են նաև վերաբաշխվել՝ ուղղվելով անհատույց աջակցության ծրագրերին:

-ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում,

-վերջապես մենք ունենք նաև միջազգային պահուստներ (01.01.2020թ. դրությամբ մեր զուտ միջազգային պահուստները կազմում են շուրջ 1.068 տրլն. դրամ), որոնք մեր ֆինանսական անվտանգության բարձիկներն են»:

Նա համոզմունք է հայտնել, որ Կառավարությունը իսկապես չունի հայթայթել 100 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է պոպուլիզմին, ապա ըստ պատգամավորի, վերջինիս մասին կարելի է խոսել անիրատեսական, անիրագործելի, սակայն ականջահաճո առաջարկներ անելու դեպքում, իսկ վերոհիշյալ դրույթներից որևէ մեկը չի կարելի համարել պոպուլիզմ: Նա նաև նշել է, որ դրույթները կատարյալ չեն, բայց պետք է սովորենք ինչպես քննադատել, այնպես էլ լսել քննադատություն, հատկապես, եթե այն կառուցողական է, եթե նույնիսկ այն ցավոտ է, եթե նույնիսկ մենք համաձայն չենք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+