1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԱԾ պաշտոնաթող տնօրեն Արթուր Վանեցյանի թիմում կարծում են, որ վերջինիս դեմ իշխանության սկսած արշավը պայմանավորված է Վանեցյանի քաղաքական ակտիվությամբ։
Բանն այն է, որ ԱԱԾ նախկին տնօրենը մի քանի շաբաթ է՝ համախոհների հետ ակտիվ հանդիպումների ու քննարկումների մեջ է, ինչպես նաև մարզերում ու Երևանի վարչական շրջաններում գրասենյակների տարածքների փնտրտուք է գնում, որ արտակարգ դրության ավարտից հետո ակտիվ քաղաքականություն մուտք գործի։
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Փաշինյանն իր խոսնակի շուրթերով հայտարարեց, թե հեղափոխությունից հետո Վանեցյանն է գնել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում ունեցած Մինասյանի բաժնեմասը, ինչին Վանեցյանը պատասխանել է:
2․ «Փաստ» թերթը գրում է, որ արտաքին քաղաքականության ոլորտում բավականին թույլ է, հատկապես, խորհրդարանական դիվանագիտության ճակատը, որտեղ, մասնագետների գնահատմամբ, գրեթե ոչինչ չի արվում, իսկ ձախողումները հաջորդում են միմյանց և հաճախակի ենք բախվում թույլ տրվող «լյապերի» ու բացթողումների հետևանքներին։
Հերթական խնդիրն ի հայտ է եկել՝ կապված Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ, երբ տարբեր քաղաքական բևեռներից հնչեցին բավականին կոշտ հայտարարություններ, որոնք վերը նշված խնդիրների մասին են վկայում։
Այս հարցում հատկապես ակտիվ էին եվրոպական խորհրդարանական կառույցները, որոնք տարբեր գնահատականներով ու հայտարարություններով հանդես եկան:
3․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է,որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 262 հազար 500 դոլար տրամադրել «Baker & McKenzie LLP» ընկերությանը, որը ներկայացնում է Հայաստանի շահերն Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային դատարանում՝ «Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով։ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին այս ընկերության հետ կնքվել էր ընդհանուր 750,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողության պայմանագիր։ Այնուհետև բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել 1-ին փուլում մատուցված ծառայությունների գին սահմանել 200,000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ 2-րդ փուլի համար՝ 550,000 (հինգ հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
«Ռասիա ՖԶԷ»-ն Դուբայում գրանցված ներդրումային ընկերություն է, որի ամերիկյան դուստր ընկերությունը 150 միլիոն դոլարի հայց է ներկայացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային դատարան (ICSID) Հայաստանի դեմ՝ կապված տնտեսական և քաղաքական կարևորություն ունեցող ճանապարհի՝ Հյուսիս-հարավի, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ընթացքում առաջացած խնդիրների ու պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետ։ «Ռասիա ՖԶԷ»-ի և Ջոզեֆ Բարկովսկիի հայցը գրանցվել էր 2018 թվականի օգոստոսի 3-ին: Սա ICSID-ում ընդդեմ Հայաստանի արդեն երրորդ գործն է։ Առաջինը 2007 թվականին հանքարդունաբերության ոլորտում ներդրումներ իրականացնող «Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի հայցն էր, որի մյուս կողմում բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանն էր։ Դեռևս այդ ժամանակ միջազգային դատարանը վճիռ էր կայացրել 37 միլիոն դոլար բռնագանձել Վարդան Այվազյանից՝ հօգուտ «Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի, քանի որ, ըստ դատարանի վճռում եղած նյութերի, 2006թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը հայաստանյան Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել է կոռումպացված և ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։
Ընդդեմ Հայաստանի երկրորդ գործը սփյուռքահայ գործարար, «Արին կապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոնդ Խուդյանի գործն է, որով գործարարը Հայաստանից պահանջում է 15 միլիոն դոլար, քանի որ Հայաստանում գործունեություն ծավալելու ընթացքում գործարար Վլադիսլավ Մանգասարյանը իրեն թալանել է, հասցրել սնանկության, և այդ գործում Մանգասարյանին աջակցել են պետական այրերը, մասնավորապես Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, ով ներկայումս հետախուզման մեջ է։ Նրանք համատեղ կատարել են ավելի քան 8.500.000 մլն դոլարի թալան: Այս գործը ներկայումս քննության փուլում է։ Եվ Հայաստանը մեծ գումարներ է ծախսում այս գործերի քննության համար միայն փաստաբաններին վճարելու վրա։
4․ «Հայաստան Հանրապետություն» օրաթերթը գրում է, որ տարիներ շարունակ, տարբեր ուժգնությամբ, հասարակության և փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում ՀՀ-ում բնական գազի գների ձևավորման հարցը: «ՀՀ» օրաթերթի խնդրանքով հիմնախնդիրը մեկնաբանել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը: Նա նշել է, որ հարցադրումներ են արվում «սահմանին» և «սահմանից այս կողմ» գազի գնի մեծ տարբերության մասին: «Գազպրոմ Արմենինա»-ն գործում է ՀՀ-ի օրենսդրության շրջանակներում: Հետևաբար, ՀՀ կառավարությունը և ՀՀ Ազգային ժողովը կարող են իրենց լծակներով պարզել, թե ինչ է կատարվում սահմանից այս կողմ: Գնագոյացման տնտեսագիտական կողմի համար պատասխանատու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որի մասնագիտական կարողությունները և գործունեության թափանցիկությունը չպետք է կասկածի տեղիք տան: Բայց դատելով պարբերաբար հարցի շուրջ ծավալվող քննարկումներից, որոնք երբեմն զերծ չեն պոպուլիզմից, կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, խնդիրներ կան: Նման քննարկումների ժամանակ դիտարկվում են հարցի ոչ միայն զուտ տնտեսագիտական, այլև քրեական կողմերը: Խոսքը վերաբերում է «սահմանից այս կողմ» գազի գնագոյացման կոռուպցիոն սխեմային: Այդ առումով, հատկապես կարևոր է իրավապահ համակարգի արձագանքը. եթե դրանք անհիմն են, ապա այդպիսի հայտարարություններ արած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, իսկ եթե հիմնավորված են, ապա պետք է ձեռնարկվեն օրենքով սահմանված գործողություններ:
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ պարզվում է` մի քանի օր առաջ կորոնավիրուսով է վարակվել օրթոպեդիկ հիվանդանոցի պահակային գունդը. «Մի 5-6 օր առաջ օրթոպեդիկի հիվանդներից մեկը փորձել է փախչել, պահակային գնդի աշխատակիցը վազել-բռնել է, թույլ չի տվել, որ փախչի, ինքն էլ է վարակվել, հետո տղաներին է վարակել»: Ըստ թերթի՝ վարակվածները մոտ 2-3 հոգի են, մեծ թվով կանտակտավորներ` մեկուսացված: Ի դեպ, վարչապետի պահակային ծառայության 3 աշխատակիցներ, որոնցից մեկն Աբովյանից է, ասացին` նույնպես վարակված են կորոնավիրուսով, ինչին վարչապետի մամլո քարտուղար Մանե Գևորգյանը ասացց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






