«Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը», — Ֆեյսբուքում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ արձագանքելով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությանը:
Հիշեցնենք՝ երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել էր վարչապետի հայտարարությանը, թե կառավարությունը տեղեկություններ ունի, որ «UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է»: Սարգսյանի գրասենյակը մասնավորապես նշել էր. «Ի դեպ, լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»:
«Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։ Նաեւ դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։
Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը եւ նրա կոռումպացված շրջապատը դեռեւս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ»,-նշել է խոսնակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






